«Շանթի օրինակը ցույց տվեց, որ եթե մենք չինքնակազմակերպվենք, ժողովրդին ոտքի չհանենք, մեր երիտասարդներն ինքնագլուխ շատ վտանգավոր քայլերի կդիմեն: Իրենք էմոցիոնալ են, զայրույթի ազդեցության տակ կարող են անկանխատեսելի գործողությունների դիմել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Նա նշեց, որ իրենք պետք է ունենան գիտակից դաշնակիցների հզոր բանակ, իսկ դա, նրա կարծիքով, հնարավոր է: «Ինչքան էլ այս չարիքի իշխանությունը փորձել է հայ ժողովրդին խեղճացնել, փչացնել, առողջ հատվածը մնացել է և կմնա: Մենք պետք է հավաքենք այդ առողջ հատվածին, և եթե հրապարակը լցվեց՝ մենք մեկ օրում այդ խնդիրը կլուծենք՝ առանց զենքի ու արյունահեղության»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ մեթոդներով են պատրաստվում հեղափոխություն իրականացնել, Մալխասյանը պատասխանեց․ «Գնում ենք Բաղրամյան 26, պահանջում, փակում ենք ղեկավարների դռները… 88-ին ինչպե՞ս արեցինք, հիմա էլ կանենք»:
Նրա խոսքով՝ նույնիսկ ոստիկանությունն է այս իշխանություններից մինչև հոգու խորքը զզված․ «Մեզ դիմում-ասում են՝ մի բան արեք, որ ազատվենք այս չարիքի իշխանությունից»:
Վարդան Մալխասյանի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և իր ոհմակը լուրջ վտանգ են ներկայացնում մեր ազգային անվտանգությանը․ «Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատվենք խավարի, կեղծիքի իշխանությունից»:
Հարցին, թե իր կարծիքով ժողովուրդը հիասթափվա՞ծ է կուսակցություններից, այդ թվում և իր ներկայացրած Հայ ազգային կոնգրեսից, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մի խոսք կա՝ եթե ձեզ բոլորն են ատում՝ վատ է, իսկ եթե ձեզ բոլորն են սիրում՝ կասկածելի է: Պետք է այնպես ապրես, որ մեծամասնությունը սիրի, փոքրամասնությունը՝ ատի: Իհարկե, ՀԱԿ-ն էլ ունի և՛ համակիրներ, և՛ իրեն ատողներ: Չարիքի իշխանությունն այնպես արեց, որ Հայաստանում քաղաքական դաշտը չկայանա, այսինքն նրա ձեռագիրն է՝ վարձել, կեղծել: Նրանք ուզում էին պառակտել, փչացնել քաղաքական դաշտը: Նրանք, տեսնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եկել է քաղաքական ասպարեզ, ծախսեցին ժողովրդից թալանված միլիարդները, որպեսզի պառակտեն այդ շարժումը և անվստահության մթնոլորտ առաջ բերեն, սադրիչներ բերեն և այլն»:
Վարդան Մալխասյանի համոզմամբ՝ մինչև Նոր տարի Սերժ Սարգսյանը կհեռանա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































