Ռուսաստանի իշխանությունները ցանկացել են, որպեսզի Սիրիայի քրդական խոշորագույն քաղաքական ուժը՝ «Դեմոկրատական միությունն» ու դրա «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» ներկա գտնվեն բոլոր բանակցային ձևաչափերում, որոնք վերաբերվում են սիրիական կարգավորմանը, այդ թվում Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսին։
Սակայն Թուրքիան, որը համարում է այդ կազմակերպություններն ահաբեկչական, կտրականապես դեմ է եղել և, ըստ էության, առաջադրել վերջնաժամկետ։ Այս մասին Kommersant-ի հետ զրույցում ասել է միջսիրիական բանակցությունների միջնորդներից մեկը՝ Վիտալի Նաումկինը։ «Թուրքիան սպառնացել է դուրս գալ սիրիական կարգավորման գործընթացից, հատկապես Աստանայի ձևաչափից, որի շրջանակում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարողացել են Սիրիայում ստեղծել դեէսկալացիոն գոտիներ»,-ասել է նա՝ հավելելով, որ արդյունքում քրդերը եղել են Սոչիում, սակայն ոչ «Դեմոկրատական միության» ներկայացուցիչները։
Փորձագետի խոսքով՝ քրդերը դժգոհ են Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունից։ «Սակայն այդ համագործակցությունը Մոսկվայի համար ռազմավարական առումով շատ կարևոր է»,-նշել է նա։ «Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսությունում, քաղաքականությունում, ինչպես նաև ռազմական ոլորտում։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ռուսական զենիթահրթիռային С-400 համալիր է գնում։ Դա շատ լուրջ է»,-ասել է նա։








































