Մենք հայերի հետ պատերազմում ենք հողի համար, իսկ հողը ոչ մեկին պետք չէ: Ո՛չ Պուտինը, ո՛չ Ալիևը հողի սեփականատերերը չեն, նրանք հարստության սեփականատերեր են, նավթային հրամանատարներ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին «Ռուսկի ռեպորտյոր» պորտալին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին:
Այլիսլին անդրադառնալով իր «Քարե երազներ» վեպին, որի հրապարակումից հետո իր դեմ հետապնդումներ են սկսվել Ադրբեջանում, հայտարարել է, որ սկզբում չի ցանկացել հրատարակել այն, սակայն չի կարողացել խոչընդոտել նրան՝ ինչ տեղի է ունենում:
«Իմ ընտանիքն, իհարկե, չէր ցանկանա կորցնել այն, ինչ ունի: Նրանց համար ժողովուրդների մերձեցումն աբստրակտ է: Ինձ համար է դա կյանքի և մահու խնդիր: Եթե ես մեռնեմ՝ չտեսնելով այդ ժողովուրդներին միասին, ապա չեմ ուզում նման մահ: Երբ գրեցի, մտածեցի՝ դեռ չեմ հրատարակի: Իսկ հետո որոշեցի, ինչքան էլ դա ինձ վրա թանկ նստի, պետք է գնալ այն ամենի դեմ, ինչ տեղի է ունենում»,- ասել է նա:
Այլիսլին նաև կոչ է արել ադրբեջանցիներին ընդունել այն գազանությունները, որոնք կատարվել են Ադրբեջանում հայերի հանդեպ:
«Ես մանկությունից տատիկիցս, մորիցս, հորեղբորիցս միայն լավն եմ լսել հայերի մասին»,- ասել Այլիսլին:
Գրողը նաև նշել է, որ եթե այսօր հանրաքվե անցկացվի ադրբեջանցիների շրջանում, ապա մեծ մասը կողմ կլինի հայերի հետ հարաբերությունների բարելավմանը:







































