Հայտնի ամերիկացի կատակերգու Ջիմի Քիմելի անհաջող կատակը միջազգային սկանդալի և Նյու Յորքում ու Լոս Անջելեսում չինական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հոկտեմբերի 16-ին կատակերգուն ABC հեռուստաալիքի իր Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ կազմակերպել էր մանկական կլոր սեղան՝ տարրական դպրոցի 4 սովորողների մասնակցությամբ: Նրանց հետ զրույցում կատակերգուն խորհուրդ է հարցրել այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է մարել իր 1.3 տրիլիոն դոլարի պարտքը Չինաստանի առջև: Տղաներից մեկն առաջարկել է բոլոր չինացիներին աշխարհի մյուս ծայրն ուղարկել ու սպանել: Քիմել այն «հետաքրքիր գաղափար» էր անվանել:
Նրա այդ արտահայտությունը միանգամից բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ի չինական համայնքում: Նյու Յորքի փողոցներ են դուրս եկել մոտ 500 մարդիկ՝ հեռուստաալիքից պահանջելով ներողություն և Քիմելի հեռացում: Բազմամարդ ակցիաներ են անցկացվել նաև Լոս Անջելեսի չինական թաղամասում:
Հեռուստաալիքն ու հաղորդավարն արդեն ներողություն են խնդրել, սակայն դա չի հանգստացրել չինական սփյուռքի ներկայացուցիչներին: Նրանք միջնորդագիր են ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Քիմելի և հեռուստաալիքի դեմ հետաքննություն անցկացնելու պահանջով: Ուղերձի տակ իր ստորագրությունն է դրել ավելի քան 100 հազար մարդ:
Կատակերգուի արտահայտությանն արձագանքել է նաև Չինաստանի ԱԳՆ-ն: «ABC հեռուստաալիքը պետք է ճանաչի իր սխալն ու միջոցառումներ ընդունի՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը:











































