Կենտրոնական բանկը հետքայլ արեց և վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրեց մինչև ավանդական 8 տոկոս մակարդակը: Այն 8 տոկոս էր պահվել մոտ 2 տարի, իսկ օգոստոսին բարձրացրել էին բարձր գնաճի պատճառով: Այս տոկոսադրույքի բարձրացումը տեսականորեն պետք է զսպեր գնաճը: Տրամաբանությունը պարզ ասած հեևյալն է: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը այն տոկոսն է, որով գլխավոր դրամատունը գումար է տալիս առևտրային բանկերին: Եվ եթե այդ տոկոսը իջնում է, շուկայում փողի զանգվածը մեծանում է, ինչն էլ հանգեցնում է գնաճի և հակառակը: Այսինքն, այս դեպքում տոկոսադրույքի բարձրացումը պետք է զսպեր գնաճը մեր սպառողական շուկայում:
Սակայն այժմ Կենտրոնական բանկի խորհուրդը նորից իջեցրել է տոկոսադրույքը 0.5 տոկոսով: Սա մեկնաբանում են նրանով, որ հոկտեմբերին գները բարձրացել են ընդամենը 0.3%-ով: Բայց չէ որ ԿԲ թիրախում 12-ամսյա գնաճն է, որը դեռ բարձր է և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%: Պետք է նշել, որ Կենտրոնական բանկը 12-ամսյա գնաճի համար (2013թ.-ի դեկտեմբերը՝ 2012թ.-ի դեկտեմբերի նկատմամբ) թույլատրելի միջակայք է սահմանել 4±1.5 տոկոսը: Ինչին նման հետքայլերով դժվար թե հասնեն:
Գլխավոր դրամատան խորհուրդը սա գիտակցում է և կանխատեսում է, որ գնաճը նպատակային միջակայք կվերադառնա միայն 2014 թ.-ի կեսերին և կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում: Եվ սրանով հանդերձ գլխավոր դրամատունը որոշել է ոչ թե բարձրացնել, այլ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով արդեն ավանդական դարձած 8 տոկոս մակարդակում:







































