Հունաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Կիպրոսի հարցով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության վրա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Կոնստանդինոս Կուտրասը:
Նախօրեին Էրդողանը Լեհաստանում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ «չկա այնպիսի պետություն, որը կոչվում է Կիպրոս, այլ կա Հարավային Կիպրոսի տեղական վարչակազմ, քանի, որ կա Հյուսիսային Կիպրոս և դրանց մեջ գոյություն ունի կանաչ գիծ»:
Քաղաքական գործիչը պնդում է, որ Եվրամիությունը «հունա-կիպրոսյան վարչակազմն» ընդունել է քաղաքական դրդապատճառներից ելնելով, այլ ոչ թե այն պատճառով, որ դա համապատասխանել է եվրոպական նորմերին:
«Թուրքիայի վարչապետի կողմից Կիպրոսի Հանրապետության գոյության վիճարկումը պետք է վերջապես արթնացնի միջազգային հանրությանը և ցույց տա Թուրքիայի իրական մտադրությունը»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիան Կիպրոսի հյուսիսային մասը գրավել է 1974 թ. և այն հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:









































