Spice Girls բրիտանական փոփ-խումբը պլանավորում Է վերամիավորվել և ամռան վերջին հյուրախաղերի մեկնել Մեծ Բրիտանիա և ԱՄՆ: Այդ մասին կոլեկտիվին մոտ կանգնած աղբյուրների վկայակոչմամբ հայտնել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտանում Է հայտնիների վերաբերյալ նորությունների ոլորտում:

Հրատարակության տվյալներով՝ անցյալ շաբաթ կանանցից բաղկացած խմբի հինգ մասնակիցները հանդիպել են իրենց նախկին մենեջեր Սայմոն Ֆուլլերի հետ՝ քննարկելու հյուրախաղերի կազմակերպման մոտավոր պլանը: Ինչպես պորտալին հայտնել են աղբյուրները, կոլեկտիվը պատրաստվում Է մի քանի համերգ տալ Անգլիայում, իսկ հետո ուղևորվել ԱՄՆ:

Խմբի համաշխարհային շրջագայության կազմակերպմամբ, ըստ TMZ-ի տեղեկատվության, կզբաղվի Ֆուլլերը: Հրատարակությունն ընդգծում Է, որ խումբը դեռ նոր Է սկսել համերգների պլանավորումը, բայց բոլոր մասնակիցներն արդեն շահագրգռություն են հայտնել շրջագայության իրականացման հարցում: Փոփ-խումբն առայժմ չի պատրաստվում նոր երգեր ձայնագրել, նշում Է հրատարակությունը: Փետրվարի սկզբին Sun բրիտանական տաբլոիդը հայտնել Է, որ Spice Girls փոփ-խումբը կվերամիավորվի այն բանից հետո, երբ կոլեկտիվի մասնակից Վիկտորյա Բեքհեմը համաձայնել Է մասնակցել համատեղ աշխատանքին: Սակայն այն ժամանակ խմբի անդամներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել Էր, որ Բեքհեմը և Ջերի Հոլիուելը ընտանեկան հանգամանքների և զբաղվածության պատճառով չեն կարողանա լիարժեք կերպով մասնակցել շրջագայությանը:

Կանանցից բաղկացած Spice Girls բրիտանական փոփ-խումբն ստեղծվել Է 1994 թվականին՝ Մելանի Բրաունի, Վիկտորյա Ադամսի (Բեքհեմ), Էմմա Բանթոնի, Մելանի Չիսհոլմի և Ջերի Հոլիուելի մասնակցությամբ: 2001 թվականին երգչուհիներից յուրաքանչյուրը թողարկեց սեփական սոլո նախագիծը, և կոլեկտիվը, փաստորեն, տրոհվեց: Այդ ժամանակվանից աղջիկները մի քանի անգամ կարճ ժամանակով վերամիավորվել են առանձին ելույթների և շրջագայությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:










































