Այսօր բավականին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Ազգային ժողովում այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը դուրս է եկել Հանրապետական խմբակցության հետ հանդիպումից: Դրանից հետո ինչ-որ պահի նա միջանցքով քայլել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով Ի. Զաքարյանին ասել է, որ նիստի ժամանակ նրան մի քանի «սուր հարցեր» կուղղի: Այդ տեսանյութը հայտնվել է «Առաջին լրատվական»-ի ձեռքում: Նրանց խոսակցությունը բավականին ցածր ձայնով է ընթանում, բայց պայմանավորվածությունը հնարավոր է հասկանալ:
Այսինքն՝ Ի. Զաքարյանն ու Ն. Զոհրաբյանը պայմանավորվել են, թե վերջինս նիստի ժամանակ ինչ հարցեր կուղղի ՎՊ նախկին նախագահին: Նրանք այդ ընթացքում չեն նկատել, որ իրենց հետևում են լրագրողներն ու նկարում են իրենց խոսակցությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Իշխան Զաքարյանին, և այսօր նա խորհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին, վաղն էլ պետք ընտրվի ՎՊ նախագահ:
Ն. Զոհրաբյանը հնչեցրել է իր «սուր» հարցը, բայց սրությունը վերաբերել է ոչ թե Զաքարյանին ու նրա անցած կամ հետագա գործունեությանը, այլ Հանրապետական կուսակցության կառավարությանը: Նա հարցրել է, թե Զաքարյանին կամ ՎՊ-ին ինչ գործիք է պակասում, որ ոչ միայն կարողանա գտնել գանձագողերին, այլև նրանց հասցնի պատասխանատվության աստիճանի:
Կառավարությանը «կպնելու» խնդիր ունեն թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Ի. Զաքարյանը: Հայտնի է, որԲՀԿ-ն պարզապես աչք ունի վարչապետի աթոռի վրա, իսկ Ի. Զաքարյանը վիրավորված է իր աղմկոտ հաշվետվութունից հետո Կառավարության անդամների հակահարվածից և այն բանից, որ այդ հակահարվածից հետո Սերժ Սարգսյանն իրեն հրապարակավ կոպիտ նկատողություն արեց: Այնպես որ, Ի. Զաքարյանն ու ԲՀԿ-ն Կառավարության հարցում նույն «գծի» մեջ են: Հատկապես, որ Իշխան Զաքարյանը չի կարողանում վերջնականապես մոռանալ այն հանգամանքը, որ նախկինում ինքը ԲՀԿ անդամ է եղել և ՎՊ նախագահի պաշտոնին նախորդ անգամ առաջադրվել է այդ կուսակցության կոալիցիոն քվոտայով:









































