Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է բանդայի գործով դատական քննությունը:
Այսօր պաշտպանական կողմի միջնորդությամբ հրապարակվում էին բազմահատոր քրեական գործում գտնվող որոշ, հիմնականում՝ բժշկական փաստաթղթեր:
Պարզվում է, որ Դավիթ Գալստյանը նախկինում մեկ այլ հանցագործության համար դատապարտվել է, սակայն, որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ, նա ճանաչվել է անմեղսունակ և անվտանգության նպատակով հարկադիր բուժման է ուղարկվել Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի համապատասխան բաժանմունք:
Այնտեղ Գալստյանը բուժում է ստացել ու մնացել 2009 թվականից մինչև 2011 թվականի մայիս ամիսը:
2011 թվականի մայիսին Դավիթ Գալստյանը փախել է հոգեբուժական կլինիկայից:
Հետո նա հայտնաբերվել ու ձերբակալվել է սեպտեմբերին՝ արդեն այս՝ բանդայի գործով:
Ըստ բժշկական եզրակացության՝ Դավիթ Գալստյանը տառապում է անձի էմոցիոնալ անկայունության խանգարումով՝ տևական դեպրեսիվ ու վարքի խանգարումներով, մասնավորապես՝ ինքնասպանության վերաբերյալ մտքերով:
Բժշկական փաստաթղթում նշված էր, որ Դավիթ Գալստյանն անկարող է եղել գիտակցել ու ղեկավարել իր գործողությունները, դրա համար էլ ճանաչվել է անմեղսունակ:
Ավելին, ըստ մասնագետների՝ Դավիթ Գալստյանը սոցիալական վտանգ է ներկայացրել ու անթույլատրելի է համարվել նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելը:
Սակայն հիշեցնենք, որ բանդայի գործով հենց Դավիթ Գալստյանի մասնակցությամբ է կատարվել քննչական փորձարարություն, որի ժամանակ Գալստյանը ցույց է տվել իրենց խմբի կողմից հարձակման ենթարկված մի քանի առանձնատուն, նկարագրել է հարձակման մանրամասներ: Գալստյանի խոստովանական ցուցմունքներին նախաքննական մարմինն այս գործով մեղադրանքներ հաստատելու համար առանցքային նշանակություն է տվել:
Նկատի ունենալով Դավիթ Գալստյանի առողջական վիճակին վերաբերող բժշկական տվյալները՝ պաշտպանական կողմը, ըստ երևույթին, կմիջնորդի՝ նրա մասնակցությամբ անցկացված քննչական փորձարարությունը և այլ գործողությունները անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:
Պաշտպանական կողմի միջնորդություններով այսօր հրապարակվեցին նաև այլ բժշկական փաստաթղթեր, մասնավորապես պարզ դարձավ, որ բոլոր ամբաստանյալները բերման ենթարկվելուց հետո բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ունեցել, որոնք հիմնականում մասնագետների կողմից որակվել են որպես թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Պաշտպանական կողմի հայտարարությամբ՝ այդ առումով բժիշկները տվել են ոչ օբյեկտիվ եզրակացություններ՝ նվազեցնելով փորձաքննվողների մոտ առկա մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, որպեսզի նրանց նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված բռնության աստիճանը դիտավորյալ նվազեցնեն:
Վնասվածքներ՝ կապտուկներ, քերծվածքներ, այտուցներ ու ցավային գանգատներ ունեցող բոլոր մեղադրյալներին բժիշկների կողմից տրվել են նույն դեղերը՝ մի քանի հաբ «Ասկոֆեն» և «Վալերիանկա»:
Պաշտպանական կողմի հայտարարությամբ՝ տարբեր գանգատներ ու վնասվածքներ ունեցող մարդկանց նույն դեղահաբերը տալով՝ նրանց որակյալ բուժօգնություն ցույց չի տրվել, այդ օգնությունը եղել է ավելի շուտ՝ ձևական:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար: Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունևոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա:
Այսօրվա նիստին տուժողներից ոչ ոք ներկա չէր:








































