ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 11-ին ձայների 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ՕԵԿ անդամներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի նախագիծը»: Նախագծի քննարկումը, սակայն, բավական թեժ էր: Հեղինե Բիշարյանը նշեց, որ մինչ այժմ միայն առաջարկ է եղել նախագծից հանել գենդեր բառը, դրա փոխարեն սեռ կամ այլ հոմանիշ բառ դնել, ու քանի որ այլ առաջարկություններ չեն եղել, հանձնաժողովն ու կառավարությունը դեմ են եղել նախագծին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանն առաջարկել են գենդեր բառը ամբողջ տեքստում փոխարինել «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» կապակցությամբ: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ վստահ է՝ կառավարության և հանձնաժողովի կողմից մոտակա ժամանակներում կգտնեն ընդունելի, կոմպրոմիսային տարբերակ այս նախագծի համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ գործընկերներին խնդրելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց հանդեպ: ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ հարցը լայն հնչեղություն ունի հասարակության համար, և կարևոր է այն մտայնությունը, որ իրենք փոխեն այս ձևակերպումը: Նա հայտնեց, որ իրենք կողմ են նախագծի օրակարգ մտնելուն: ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, և կառավարությունը պատրաստվում է բերել ավելի հստակ ձևակերպում, հստակ բնորոշում պարունակող նախագիծ, որ արտահայտելու է բոլոր շահագրգիռ կողմերի և աշխատանքային խմբի կարծիքը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչու հարցը չեն քննարկում կառավարության հետ, աշխատանքային խումբ: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ սա հենց այն օրենքի նախագիծն է, որ մեր հասարակությանը հուզում և անհանգստացնում է. Մտավախություն կա, որ նախագծով կյանք կստանան երևույթներ, որոնք մեզ հարիր չեն: Շարմազանովը ստիպված էր կրկին միջամտել գործընկերների ելույթներին՝ հիշեցնելով, որ խոսքը վարման կարգի մասին է: «Սա բովանդակային քննարկում չի, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ խոսել միայն վարման կարգի վերաբերյալ, ոչ թե օրենքի բովանդակության մասին»,- ասաց նա՝ այդուհանդերձ խոսքը զիջելով Հեղինե Բիշարյանին:
«Դուք տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչներ եք, ներկա են նաև լրատվամիջոցներ: Բիշարյանն ասել է՝ ձեր խղճով, ոնց ուզում եք, քվեարկեք: Եթե ես ասեի՝ դեմ քվեարկեք, ապա ինչո՞ւ էի ներկայացնում այս առաջարկը: Հենց հիմա մեր սեղանին դրված է այն, ի՞նչ հանձնաժողովի մասին է խոսքը, երբ մենք աշխատանքային խմբում աշխատել ենք մի քանի ամիս, մի տարուց ավել, և դուք որոշեցիք, որ լուրջ քննարկում եք ունեցել և դեմ եք: Եթե Բիշարյանը ձեզ համար այդքան մեծ հեղինակություն է, կողմ քվեարկեիք, էս ի՞նչ բան ա… Դուք ձեր կարծիքն եք ասել»,- ասաց նա:
Նախագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանին վիրավորեց, որ նշվում է միայն Հեղինե Բիշարյանի անունը. նա ստիպված եղավ հիշեցնել, որ ինքն էլ է նախագծի հեղինակ: «Ինձ համար զարմանալի էր, որ կառավարությունը փոփոխության նախագիծը հետ կանչեց, որտեղ ներկայացված էր գենդեր բառը փոխարինել մեկ այլ բառով, հանել 12-րդ կետը, ըստ որի՝ քաղաքացին իրավունք ունի ընտրել իր սեռը»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց օրենքի նախագիծը հանել քվեարկությունից: Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ իրենք դեմ չեն քննարկմանը, քանի որ հիմա կառավարության հետ նոր տարբերակն է քննարկվելու, սակայն նշեց, որ զարմացած է՝ նախագիծը քննող հանձնաժողովի անդամները բոլորն այստեղ են, Բիշարյանն ինքն է առաջարկել իր ներկայացուցչին, որ դեմ քվեարկի, իրենք բոլորը դեմ քվեարկեցին: «Նորից կոչ եմ անում, քանի որ կա նոր՝ մշակվող, կոնսենսուսային տարբերակ, դա էլ կբերենք, կան անգրագետ ձևակերպումներ գիտական տեսանկյունից, դրա համար անհնար է նախագիծն այս անգամ քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա:
Արզումանյանի խոսքին արձագանքեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ նկատելով, որ նախորդ բանախոսն իրականությունը լիովին ճիշտ չի ներկայացնում կամ չի ընկալել: «Ինչով է աշխատանքային խմբի ստեղծման որոշումը խանգարում, որ նախագիծը մտնի մեծ օրակարգ, դառնա քննարկման առարկա. հասարակության մեջ կա պահանջարկ այս հարցի նկատմամբ: Քառօրյայի մասին չի խոսքը, եկեք քննարկման հնարավորություն տանք»,- ասաց նա:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նախ տարակուսանքով հարցրեց՝ ինչից են վախենում այդ օրենքի ԱԺ մտնելուց: «Ասում են՝ կառավարությունը նայի. կառավարություն ինչ մտնում ա, ձախողվում ա: Կարծում եմ՝ տարակուսելու կարիք չկա, կարելի է քննարկել: Իհարկե, ՕԵԿ առաջարկած բառերի հետ համաձայն չեմ, բայց կարծում եմ՝ կարելի է քննարկել»,- ասաց նա:
ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը նշեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքները այդ՝ կնոջ և տղամարդկանց իրավունքներն այս պահին դարձրել են քննարկման առարկա: Պատգամավորը նշեց, որ կողմնակից է՝ այդ օրենքն ընդհանրապես հանվի օրակարգից, քանի որ կանանց և տղամարդկանց հավասարությունները մեր իրականության մեջ ի վերուստ սահմանված են:










































