ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ֆիլիպինների մշտական ներկայացուցիչ Լիբրան Կաբակտուլանի հետ քննարկել է «Հայան» փոթորկի հարվածից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Իշխանությունների տվյալներով՝ փոթորկից տուժել է մոտ 9.5 մլն մարդ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է «Հայան» փոթորկի հետևանքներով: Այն ցամաքին հարվածած ամենախոշոր փոթորիկներից է, որից տուժել են Ֆիլիպինների 9.5 մլն բնակիչներ: Փոթորիկը պատճառել է զանգվածային ավերածություններ և ստիպել մարդկանց լքել իրենց տները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ իրենց աշխատակիցները ամեն ինչ կանեն՝ օգնելու տուժած բնակիչներին:
«Չնայած շատ բնակավայրեր դժվարամատչելի են ճանապարհների, օդանավակայանների և կամուրջների ավերածությունների պատճառով, ՄԱԿ-ի գործակալությունները օդային ուղիներով սկսել են մատակարարել սնունդ, դեղորայք և կենսական անհրաժեշտության այլ միջոցներ»,- ընդգծել են ՄԱԿ-ում:











































