Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Գյումրիի բնակիչներ Գնել Թովմասյանի և Վաղինակ Սարգսյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Գնել Թովմասյանը՝ խնամքին մինչև 14 տարեկան երեք երեխա, 2012 թվականի սեպտեմբերի 19-ին, գիշերվա ժամը 4-ին ալկոհոլ օգտագործած վիճակում իր ընկերներ՝ 28-ամյա Վաղինակ Սարգսյանի, ինչպես նաև Արտյոմ Հակոբյանի և Հայկ Ղազարյանի հետ Շիրակի մարզի Ազատան գյուղի տարածքում գտնվող «Գարտ» համալիրի «Սիգմա-պոկեր Ռիո» խաղատանը կատարել է խուլիգանություն:
Ըստ դատական ակտի՝ Գնելը վիճաբանության մեջ է մտել խաղատան հավաքարար Հերմինեի հետ, ցուցաբերել է առանձին հանդգնություն, հայհոյանքներ է տվել, ապա ապօրինի ձեռք բերած ու իր մոտ պահվող ատրճանակով խաղատան գույքը վնասելու և ոչնչացնելու նպատակով մեկ անգամ կրակել է խաղատան ներսում՝ բարի ներքևի հատվածին, որից հետո դուրս է եկել բակ, նույն ատրճանակով չորս կրակոց է արձակել խաղատան պատուհանների ապակիներին ու ջարդել է դրանք՝ խաղատանը պատճառելով 53 հազար դրամի գույքային վնաս:
Դրանից հետո Գնելն ու ընկերախումբը վիճաբանել են խաղատան աշխատակից Հովհաննեսի հետ, նրա նկատմամբ բռնություն գործադրել, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին ու պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Գնել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հրազեն ձեռք բերելու, կրելու, գործադրելու, ինչպես նաև խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վաղինակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Գնել Թովմասյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե 2012 թվականի օգոստոսին իր պապի գերեզմանի կողքից գտել է ատրճանակը չորս փամփուշտներով ու պահել է:
2012 թվականի սեպտեմբերի 18-ին ատրճանակը վերցրել է ու գնացել «Գարտ» համալիրի գիշերային ակումբ: Գարեջուր է խմել, դուրս եկել, գնացել ակումբի հարևանությամբ գտնվող խաղասրահ, որ խաղա:
Մտել է ներս, բայց այնտեղ ոչ ոք չի եղել: Ինքն էլ զայրացել է, իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել խաղասրահի բարի ներքևի հատվածին:
Դուրս է եկել խաղասրահից, մեկ անգամ էլ կրակել է բակում ու գնացել է տուն:
Մի քանի օր հետո կնոջից իմացել է, որ ոստիկաններն իրեն են փնտրում: Մեղայականով ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին ու ներկայացրել է ատրճանակը:
Թովմասյանը պնդել է, թե այդ գիշեր խաղասրահում եղել է մենակ, ոչ ոքի հետ չի վիճաբանել, խաղատան մուտքի դռան ու պատուհանների ապակիները չի կոտրել: Խաղատան աշխատող Հովհաննեսին չի ճանաչում: Վաղինակին, Հայկին ու Արտյոմին ճանաչում է որպես իր թաղի տղաների, բայց նրանց հետ չի շփվում, դեպքի օրը նրանց հետ չի եղել:
Վաղինակ Սարգսյանը ևս իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել:
Նա դատարանում հայտնել է, թե սեպտեմբերի 19-ի գիշերը «Գարտ» համալիրի տարածքում գործող խաղասրահ է մտել միայնակ, որ խաղա: Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, թաղեցի Գնելի պես ինքն էլ խիստ նյարդայնացած է եղել և առանց որևէ պատճառի խաղատան բակում եղած աթոռով հարվածել ու ջարդել է մուտքի դռան և պատուհանների ապակիները: Ջարդել է ու գնացել տուն:
Այդ գիշեր մենակ է եղել, հիշյալ տղաներն իր թաղեցիներն են, բայց դեպքի օրը նրանց հետ չի եղել, նրանց չի հանդիպել:
Իմացել է, որ ոստիկաններն իրեն են փնտրում և նոյեմբերի 23-ին ներկայացել է ոստիկանություն:
Խաղասրահի հավաքարարուհին հայտնել է, որ սեպտեմբերի 19-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ինքը եղել է խաղասրահում:
Մուտքի դուռն արդեն փակված է եղել ներսից: Խաղատան աշխատակից Գոռը գնացել է քնելու:
Լսելով մուտքի դռան թակոց՝ ինքը բացել է: Ներս են մտել ու միջանցքում կանգնել չորս երիտասարդներ: Ցանկացել են խաղալ, բայց ինքն ասել է, թե խաղատունը փակ է: Երիտասարդները հայհոյել են, ինքը նրանց դիտողություն է արել: Բայց նրանք շարունակել են հայհոյել:
Երբ ինքը գտնվել է խաղատան բարից հինգ մետր հեռավորության վրա՝ չորրորդ խաղային ավտոմատի մոտ, երիտասարդներից մեկը կրակել է բարի կողմը: Ինքը թաքնվել է խաղային ավտոմատների մոտ: Երիտասարդները դուրս են եկել, բակում հնչել են կրակոցներ:
Ինքը զանգել ու կանչել է խաղատան աշխատող Հովհաննեսին:
Երբ վերջինս եկել ու բակում իջել է մեքենայից, երիտասարդները նրան ծեծել են: Ինքը վախեցել ու ներս է գնացել: Երկու-երեք րոպեից մեքենայի ձայն է լսվել: Կռվող տղաները հեռացել են, բակում ընկած մնացել է միայն Հովհաննեսը:
Ինքը մոտեցել, տեսել է նրա գլխից արյուն է գալիս: Օգնել է, տարել խաղատուն, արյունը մաքրել…
Նախաքննական ցուցմունքում հավաքարարուհին կոնկրետ անուններով է հիշատակել չորս երիտասարդներից երեքին՝ Գնելին, Վաղոյին, Չախալին ու չորրորդին էլ անվանել է՝ գեղեցկադեմ երիտասարդ:
Նշել է, որ խաղատան ներսում հնչած կրակոցից հետո ինչ-որ մեկն ասել է. «Վղո՛, թռանք», բոլորը դուրս են եկել: Բակում կրակել են, աղյուսներով կոտրել ապակիները:
Խաղատան աշխատող Հովհաննեսը նշել է, որ իր վրա հարձակվել են հետևից, ինքը ծեծողների դեմքերը չի տեսել:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալների ոչ բոլոր ասածներն է արժանահավատ գնահատել, իսկ նրանց մեղքը համարել է հաստատված:
Գնել Թովմասյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման: Վաղինակ Սարգսյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 1 տարի ազատազրկման:
Երկու ամբաստանյալի նկատմամբ էլ համաներում է կիրառվել, ու նրանք ազատվել են պատժի կրումից:
Ամբաստանյալներ Թովմասյանն ու Սարգսյանն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճում:









































