Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը: «Ամենակարևորն այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց և հայեցակարգային, և կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել մեր ամբողջ փաթեթը: Մինչև 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարևոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, և անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3 տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:











































