Ռուսաստանցի փորձագետները, մատնանշելով դոլարային ավանդների աճի հանգամանքը, կանխատեսում են դևալվացիոն գործընթացներ, որոնք կհանգեցնեն ռուսական ռուբլու արժեքի անկման: Սա լիովին տեղավորվում է ռուսական տնտեսության ընդհանուր անմխիթար համապատկերում: Եթե սրան գումարենք նաև այն, որ Ռուսաստանում տնտեսական լուրջ պայքար է սկսվել այդ երկրի մի քանի իշխանական խմբավորումների և նրանց սպասարկող տնտեսական հսկաների միջև, ապա կարելի է պատկերացնել այն հեռանկարները, որ սպասում են նավթագազային տնտեսությանը: Սրան գումարվում է նաև այն, որ Ռուսաստանում աննախադեպ բարձրացել է ներգաղթյալների հանդեպ ատելության ֆոնը. այս դեպքում ատելության, որովհետև տեղի ունեցող դրսևորումների պայմաններում խոսել անհանդուրժողականության մասին՝ մեղմ կլինի:
Ահա այս պայմաններում, երբ Հայաստանում որևէ մեկը՝ պաշտոնյա կամ փորձագետ, խոսում է Հայաստանի՝ Մաքսային միությունից ակնկալվելիք օգուտների մասին, ապա այդ կապակցությամբ առնվազն մնում է միայն զարմանալ, գուցե նաև զայրանալ՝ բնակչությանը մոլորեցնելու փորձերի համար:
Հայաստանի տնտեսությունն իր խնդիրներով ռուսականին գրեթե չի զիջում, իսկ խնդիրների արմատների առումով, այսպես ասած, ռուսական տնտեսության մասնաճյուղն է՝ որպես ռուսական քաղաքական-իշխանական համակարգի մասնաճյուղ: Այս պարագայում Մաքսային միությունը նշանակում է Հայաստանի անորակ տնտեսության, թույլ տնտեսության հավերժացում, այն վերջնականապես դարձնելով ռուսական թույլ և անորակ տնտեսության կցորդը: Այսինքն՝ եթե եվրոպական տնտեսական հեռանկարները Հայաստանի համար հնարավորություններ էին թույլից, անորակից դեպի որակական տնտեսություն թեկուզ դանդաղ, բայց հիմնավոր անցում կատարելու համար, ապա այս դեպքում այդ հեռանկարները փակվում են ինստիտուցիոնալ կերպով: Եվ բանը միայն եվրոպական հեռանկարները չեն, որովհետև Մաքսային միությունը արգելակում է Հայաստանի հարաբերությունները ընդհանրապես երրորդ երկրների հետ, որտեղ պետք է առանձնակի ուշադրության արժանացնել Չինաստանը:
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական կապերը Չինաստանի հետ նկատելի աշխուժություն էին ապրում: Խնդիրը միայն պաշտոնական մակարդակով այցելությունները չէին, կամ «Նաիրիտի» հենքի վրա արտադրությունը Չինաստանում, որտեղ, բնականաբար, առաջին հերթին յուղոտ օգուտները իշխանություններն են քաղում, ոչ թե պետությունը և հասարակությունը: Սակայն այս ընթացքում բավական հաճախակիացել էր նաև փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող շատ անհատների գործնական այցելությունները Չինաստան, ապրանքային հարաբերությունների ձևավորումը: Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական առանձնահատկությունները՝ Չինաստանի այս ուղղությունը քիչ թե շատ այլընտրանքային և բարեբեր ազդեցություն ուներ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության համար: Մաքսային միությունը նշանակում է կողպեք այս ամենի վրա, որի բանալիները հայտնվում են Ռուսաստանի ձեռքին: Եվ Ռուսաստանը, բնականաբար, այդ կողպեքը կբացի խիստ ռեժիմով, որպեսզի Հայաստանի հասարակության համար Չինաստանը չդառնա տնտեսական մի գործընկեր, որը կարող է էական ազդեցություն ունենալ Ռուսաստանից Հայաստանի բնակչության տնտեսական կախվածությունը թուլացնելու հարցում, նաև Հայաստանի տնտեսության մեջ չինական հնարավոր ներդրումների ծավալների ավելացման հարցում, նկատի ունենալով Պեկինի հավակնությունները Կովկասում ներկայություն ունենալու առումով: Իսկ այդ հավակնությունները վաղ թե ուշ ավելի էին զգալ տալու իրենց: Այսինքն՝ այստեղ բանը միայն Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների հանդեպ խանդը չէ, և տվյալ դեպքում Ռուսաստանի կողմից պարտադրվող տնտեսական կապանքները պայմանավորված են շատ ավելի լայն ու հեռանկարային գործընթացները կանխարգելելու ցանկությամբ, որն անկասկած մեկ օրում չէ, որ առաջացել է, և մեկ օրում չէ, որ մշակվել են այդ խնդիրները լուծելուն ուղղված քայլերը Հայաստանի դեմ:








































