ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կոնգրեսին է ներկայացրել «կրեմլյան զեկույցը»։ Դրանում ներառվել է 210 անուն։ Ցուցակում հայտնվածներից 114-ը հանդիսանում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ (կառավարության ողջ ղեկավարությունը) և պետական ընկերությունների ղեկավարներ, 96-ը՝ գործարարներ։
Ցուցակում նշվում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի անունները։ Ցուցակում ներառված են նաև Պնախարար Սերգեյ Շոյգուն, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը, ինչպես նաև այլ նախարարներ։ Գործարարներից ցուցակում հայտնվել են Ռոման Աբրամովիչը, Եվգենի Կասպերսկին, Սուլեյման Քերիմովը, Ալիշեր Ուսմանովը, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, Վլադիմիր Պոտանինը և այլք։
«Կրեմլյան զեկույցն» իրենից ներկայացնում է վերլուծական նյութ՝ պաշտոնատար անձանց և խոշոր ձեռնարկատերերի ցուցակով, ովքեր կապված են ռուսական իշխանությունների հետ և ովքեր տեսականորեն կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Փաստաթուղթը մշակել է ԱՄՆ ֆինասների նախարարությունը՝ Պետդեպի և հատուկծառայություննրի աջակցությամբ։
Պատժամիջոցների ընդլայնման վերլուծությունն անցկացվում է «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին համապատասխան, որն ընդունվել է 2017 թվականին, և որը նաև պահանջում է վարչակազմի կողմից պարբերաբար իրազեկում Կոնգրեսին։
Վաշինգտոնը որոշեց նոր պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է օրենսդիրներին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման անհրաժեշտություն դեռևս չկա։ Օրենքը պահանջում է պատժամիջոցներ սահմանել սուբյեկտների դեմ, որոնք խոշոր բիզնես են վարում ՌԴ պաշտպանական և հետախուզական ոլորտների հետ։ Վարչակազմում հայտնել են, որ օրենքն ինքնին ծառայում է որպես զսպող գործոն։








































