«Մուսուլման եղբայրներ» միջազգային կազմակերպության սիրիական բջիջը երեքշաբթի կհայտարարի իր հովանու ներքո քաղաքական կուսակցության ստեղծման մասին, որի փոխնախագահը կլինի քրիստոնյա հոգևորական: Այս մասին հայտնել է Լոնդոնում հրատարակվող արաբական Asharq al-Awsat թերթը:
Ինչպես թերթին հայտնել է Սիրիայում «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Ալի Բայանունին, կուսակցությունը կկոչվի Ազգային սահմանադրության և ազատության կուսակցություն կամ կրճատ՝ «Վաադ»:
Ինչպես սպասվում է՝ կուսակցութունը 1/3-ով կազմված կլինի «եղբայրների» ներկայացուցիչներից, 1/3-ը կլինեն այլ իսլամական շարժումների կողմնակիցներ, իսկ մնացած մասը կձևավորեն լիբերալ և ազգայնական հայացքներով քաղաքական գործիչները:
Կուսակցությունը կգլխավորի Մուհամմադ Վալիդը, ով կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, իսկ նրա տեղակալը կդառնա քրիստոնյա հոգևորական, ում անունը չի հաղորդվում:
Բայանունիի խոսքով՝ նոր կուսակցությունը կպայքարի հանուն սիրիացի ժողովրդի հավասարության, արդարության, արժանապատվության ու ազատության և կձգտի երկրում ժողովրդավարական մեխանիզմների հաստատման՝ կրթության իսլամական մոդելին զուգահեռ:










































