Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ը զրկվել է ձայնի իրավունքից Կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ-ի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ)` հաղորդում է Associated Press-ը:
Ամերիկյան պատվիրակությանը զրկել են կազմակերպության կողմից ընդունվող որոշումների վրա ազդելու իրավունքից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի համար ամենամյա ներդրում կատարել՝ ի նշան բողոքի Պաղեստինը լիարժեք անդամ ճանաչելու դեմ. Պաղեստինը կազմակերպության անդամ է դարձել 2011թ.:
Ձայնի իրավունքի կորուստը նշանակում է, որ ԱՄՆ-ը չի կարող մասնակցել սկզբունքային հարցերի որոշմանը կազմակերպության շրջանակներում: Մասնավորապես ամերիկացիները չեն կարող հասնել այն բանին, որպեսզի գումար հատկացվի իրենց համար կարևոր նախագծերի համար, ինչպիսիք են՝ կրթության միջոցով պայքարը ծայրահեղականության դեմ, սեռերի հավասարության պաշտպանությունը ոչ զարգացած երկրներում:
Ամերիկյան ֆինանսավորման դադարեցման կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն փակել է մի շարք ծրագրեր, որոնք ԱՄՆ-ը համարում էր առանցքային: Խոսքը մասնավորապես Իրաքում ջրամատակարարման համակարգի շինարարության ֆինանսավորման և տարբեր երկրներում Հոլոքոսթի մասին դպրոցականներին տեղեկացնելու ծրագրի մասին է:
Նշենք, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ֆինանսավորելուց սեփական օրենսդրության համաձայն, որը Վաշինգտոնին իրավունք է վերապահում դադարեցնել միջազգային այն կազմակերպության ֆինանսավորումը, որը Պաղեստինը կճանաչի իր լիիրավ անդամ:









































