Կիևի Վերաքննիչ դատարանն Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ սահմանել է օրվա գիշերային հատվածի համար տնային կալանք։ Նրան կարգելվի լքել տունը երեկոյան ժամը 10-ից մինչ առավոտյան ժամը 7-ը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Այդպիսով՝ դատարանը բավարարել է դատախազության բողոքարկումը։ Անցած տարվա դեկտեմբերին Կիևի Պեչորյան դատարանը հրաժարվել էր քաղաքական գործչին ուղարկել տնային կալանքի։

Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ դատական որոշումը հանդիսանում է իր քաղաքական գործունեության սահմանափակում։ Նա խոստացել է վերսկսել բողոքի ակցիաները՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնանկությանը։
Սաակաշվիլիին կասկածում են հանցավոր կազմակերպություններին աջակցելու և օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի հետ կապերի մեջ, ով փախել է Ռուսաստան։ Քննությունը հաստատում է, որ Սաակաշվիլին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «ընտանիքի հաշվապահ» Կուրչենկոյի հետ պայմանավորվել է բողոքի ակցիաների ֆինանսավորման մասին։ Հաստատվում է, որ Սաակաշվիլին Կուրչենկոյից ստացել է առնվազն 500 հազար դոլար։









































