Սիրիայում Բաշար Ալ-Ասադի կառավարության դեմ կռվող իսլամիստների շարքերում կան հարյուրավոր բրիտանացի հպատակներ՝ հաղորդում է BBC-ն: Այս տվյալները հրապարակել է MI 5 հակահետախուզության վարչության հրամանատար Էնդրյու Փարքերը խորհրդարանական լսումներին, որոնք նվիրված են եղել «Ալ-Քաիդա»-ի գործունեության մեջ բրիտանացիների ներգրավմանը:
Փարքերի ներկայացրած տվյալների համաձայն՝ բրիտանացի ջիհադիստների մեծ մասը 20-30 տարեկան երիտասարդներ են, որոնք ունեն պակիստանյան ծագում և բարձր կրթություն են ստացել: Բացի այդ, հակահետախուզության տվյալներով՝ սիրիական հակամարտությանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի սուդանական համայնքի շուրջ 20 անդամ և մի քանի բրիտանացիներ, որոնք էթնիկ սիրիացիներ են:
«Սիրիան շատ գրավիչ վայր է դարձել նրանց համար, ովքեր գաղափարախոսական պատկերացումներից ելնելով աջակցում են «Ալ-Քաիդա»-ին և ձգտում են մասնակցել ջիհադին: Մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիայի մի քանի հարյուր քաղաքացիներ կռվում են Սիրիայում, որպեսզի պատերազմին մասնակցելուց հետո տուն վերադառնան: Նրանցից ոմանք մինչև հիմա կռվում են այդտեղ»,- ասել է Փարքերը:
Հակահետախուզության ղեկավարը նշել է, որ մահապարտ ահաբեկիչները, որոնք 2005թ. հուլիսի 7-ին արյունալի ահաբեկչություն կազմակերպեցին Լոնդոնում, կապեր են ունեցել արտասահմանում գտնվող իսլամիստների հետ:
«Արտասահմանում գտնվող իսլամիստ խմբավորումները հետաքրքրված են բրիտանացի քաղաքացիների հետ շփումներով, որոնք հակված են ահաբեկչության, և այդ մարդկանց ուղղորդում են ահաբեկչության նախապատրաստման՝ տուն վերադառնալուց հետո»,- ընդգծել է Փարքերը:











































