ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտավախություն է հայտնել, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության հետևանքով այդ տարածքներից տեղահանվող անձանց թիվը կարող է աճել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայում իրականացվող յուրաքանչյուր մարտական գործողություն հանգեցնում է բնակիչների տեղահանման: Մենք այսպիսի օրինակներ տեսել ենք Իդլիբում, որտեղ իրենց տներից հեռացավ ավելի քան 200 հազար մարդ: Ես կցանկանամ հուսալ, որ այս գործողությունը չի հանգեցնի նման հետևանքների, սակայն ցանկացած ռազմական գործողություն հանգեցնում է վերաբնակեցման»,-նշել է Գրանդին:







































