Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը կարծում է, որ Պակիստանից միջուկային ռումբ կստանա առաջին իսկ պահանջով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ամերիկյան հատուկծառայությունների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի համար միջուկային զենքը պատրաստվել է Պակիստանում և այժմ սպասում է մատակարարման:
Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը Շվեյցարիայում համաժողովի ժամանակ հայտարարել է, որ եթե Իրանում միջուկային ռումբ հայտնվի, սաուդցիները նույնիսկ մեկ ամիս չեն սպասի: Նրանք արդեն վճարել են ռումբի համար և կուղևորվեն Պակիստան ու կբերեն այնտեղից այն, ինչ պետք է իրենց:
Թագավորությունը քիչ ներդրում չի արել Պակիստանի միջուկային ծրագրի գործում՝ Իրանին հակակշռ ստեղծելու համար: Դեռևս 2009 թվականին Սաուդյան Արաբիայի թագավորը հայտարարել էր, որ եթե Իրանը հատի սահմանը, թագավորությունում միջուկային զենք կհայտնվի:








































