Wall Street Journal հրատարակչությունը հունվարի 12-ին հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը 130 հազար դոլար է վճարել պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին (բեմական կեղծանունը՝ Stormy Daniels) այն բանի համար, որպեսզի վերջինս լռի ԱՄՆ ապագա նախագահի հետ իր հանդիպման մասին:

WSJ-ի տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է 2006 թվականին, երբ Մելանյա Թրամփը արդեն ունեցել էր Բերոնին: Հրապարակման մեջ հաստատվում է, որ լռության դիմաց գումարը Քլիֆորդը ստացել է 2016-ի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ:

Քոենը ոչ միայն հերքել է այս հրապարակումը, այլև տրամադրել է Քլիֆորդի հայտարարությունն այն մասին, որ ինքը Թրամփի հետ երբևէ սեքսուալ կապերի մեջ չի եղել:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Ստեֆանին իր թեկնածությունն է առաջադրել Լուիզիանա նահանգի սենատորի պաշտոնում, սակայն նրա արշավը անհաջող է անցել:

The Daily Beast-ը գրում է, որ 2016-ին բանակցություններ են տարվել Ստեֆանի Քլիֆորդի հետ՝ Թրամփի հետ նրա հանդիպման մասին հարցազրույց տալու կապակցությամբ, սակայն խմբագրությունը չի կարողացել հասնել նրան, որ Ստեֆանին հարցազրույց տա: Փոխարենը The Daily Beast-ը մեկնաբանություն է ստացել նրա ընկերուհուց և գործընկերուհուց՝ պոռնոդերասանուհի Ալանա Էվանսից: Վերջինս հաստատել է, որ Թրամփը և Ստեֆանին եղել են «ավելի քան ընկերներ»: Ավելին՝ նա հայտարարել է, որ մի անգամ Ստեֆանին իրեն հրավիրել է լինելու երրորդը Դոնալդի հետ ինտիմ հանդիպման ժամանակ, և ասում է, որ նույնիսկ հեռախոսով լսել է Թրամփի ձայնը, որը հրավիրել է իրեն միանալու իրենց: Ալանայի խոսքով՝ այնպիսի մարդիկ, ինչպիսին է Դոնալդ Թրամփը, իրեն վախեցնում են, այդ պատճառով նա հրաժարվել է:

The Daily Beast-ը գրում է, որ Քլիֆորդի և Թրամփի ինտիմ հարաբերությունները հաստատել են ևս մի քանի աղբյուրներ:









































