Եթե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսում էինք որպես վասալի և սուվերենի հարաբերությունների, ապա սեպտեմբերի 3-ից հետո խոսքը բացառապես Հայաստանի օկուպացիայի մասին է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Խոսքս ամրապնդվում է հոկտեմբերի 25-ին Մինսկի գագաթնաժողովի տխրահռչակ փաստաթղթով, որով Հայաստանը պարտավորվում է ՄՄ անդամ երկրների շահերին հակասող հայտարարություն չանել: Հայաստանի չորս հարևաններն էլ այսօր լրջագույն հարաբերությունների մեջ են Արևմուտքի հետ. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանը պատրաստվում է Վիլնյուսում ստորագրել Խորը և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Իրանը բանակցում է «վեցյակի» ղեկավարների հետ, նա ակնհայտ ցանկություն ունի լավացնելու հարաբերությունները Արևմուտքի հետ, իսկ ահա Ադրբեջանը լրջագույն հարաբերություններ է հաստատում ԵՄ-ի հետ: Հայաստանը, հակառակը, գնալով վերածվում է Ռուսաստանի խափանարար ռազմավարության գործիքի, ռուսական շահերի սև խոռոչի: Մեծ է հավանականությունը, որ բոլոր հարևանների կողմից Հայաստանը կարող է որպես պրոբլեմ դիտարկվել»,- ասաց փորձագետը:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի:
«Հպատակեցնելով Հայաստանին` Ռուսաստանն այսուհետ անելու է ամեն բան, որպեսզի Ադրբեջանին հեռու պահի արևմտյան շուկաներից: Իսկ ահա Ղարաբաղի հարցը պարզապես լծակ է հանդիսանալու ռուսների ձեռքին»,- համոզմունք հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը:









































