Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարությանն առաջարկել է առաջիկա չորս տարիների ընթացքում օտարել Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները:
Թանկարժեք քարերը կվաճառվեն հրապարակային աճուրդների միջոցով, ոչ պակաս արժեքով, քան շուկայական գինն է: Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն: Սրանց նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:
Ըստ լիկվիդացման ժամանակացույցի՝ օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունն ու արժեքը:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը նախատեսված է պետության և ազգային տնտեսության անհետաձգելի կարիքների բավարարման համար, որն արտակարգ իրավիճակների պայմաններում ապահովում է պետության և ազգային տնտեսության՝ թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով ինքնաբավությունը:
Բնականաբար, կառավարությունը բանական և անկեղծ պատասխան չի տալու, թե ինչու հենց այս պահին առաջացավ պետական գանձարանի պահուստների օտարման անհրաժեշտություն: Այդ ի՞նչ «անհետաձգելի կարիք» կամ արտակարգ իրավիճակ է ստիպում, որ նման քաղաքական որոշում կայացվի: Իսկ տվյալ դեպքում խոսքը հենց նախագահի ու վարչապետի մակարդակով կայացված քաղաքական որոշման մասին է. նախարար Վարդան Արամյանին ընդամենը հանձնարարվել է հրապարակայնացնել այս որոշման մասին:
Ակնհայտ է, որ բյուջեն միջոցների կարիք ունի, և կառավարության որոշումը թելադրված է հենց այս հանգամանքով: Սա անուղղակիորեն հաստատում է այն վարկածը, որ իշխանություններն ընդունում են իրենց տնտեսական քաղաքականության ֆիասկոն: Տնտեսության աշխուժության մասին զրույցները պարզունակ քարոզչական մանիպուլյացիա են՝ չնայած դա ակնհայտ էր անգամ 2018-ի բյուջեի կառուցվածքից: Օպտիմալ կառավարման պատճառաբանությամբ կրճատվում են առողջապահությանը և կրթությանը հատկացվող հատկացումները, սակայն աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում տեղի չի ունենում սանձարձակ գնաճի պայմաններում: Մի քանի հազար մարդ կրճատվում է պետական համակարգի միջին և ստորին օղակներից, սակայն դա չի բերում կառավարման որակի բարելավման, որովհետև անձեռնմխելի է մնում օլիգոպոլ համակարգը:
Այս համատեքստում նույնիսկ անկարելի է պատկերացնել, որ Հայաստան կգան օտարերկրյա ներդրումներ: Տնտեսագետների կանխատեսմամբ՝ հատկապես 2019-ից Հայաստանի բյուջեն կանգնելու է լուրջ փորձության առջև, որովհետև չի կարողանալու սպասարկել արտաքին պարտքի մարումը: Թերևս նման հեռանկար կանխատեսելով՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 2016-ի աշնանը խոսեց դեֆոլտի հնարավորության մասին, ինչին անմիջապես հակազդեցին իշխանության ներկայացուցիչները:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստների օտարման նախաձեռնությունը հուշում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է փլուզման եզրին, ու իշխանություններն ըստ էության խոստովանում են, որ իրավիճակը հաղթահարելու դեղատոմս չունեն և հույսներն արդեն դրել են պետական գանձարանի պահուստների օտարման վրա:









































