Ամերիկյան խոշորագույն Կալիֆորնիա նահանգում այսօր պաշտոնապես մեկնարկել է ռեկրեացիոն նպատակներով մարիխուանայի վաճառքը։ Նոր կանոններն ուժի մեջ են մտել Ամանորի գիշերը, հայտնում է Business Insider-ը։

Նշվում է, որ 21-ից բարձր տարիքի անձիք կարող են գնել մինչև 1 ունցիա (մոտ 28 գրամ) մարիխուանա։ Բացի այդ, այժմ հնարավոր կլինի տանն առանց բժշկի թույլտվության այդ բույսի մինչև 6 միավոր թուփ աճեցնել։ Ցանկացած խանութում մարիխուանա գնել նախկինի պես հնարավոր չի լինի։ Այն վաճառելու համար անհրաժեշտ է հատուկ լիցենզիա, որը ներկայում ստացել են մոտ 40 ընկերություններ։ Սահմանափակումները գործում են նաև ժամային հարցում. երեկոյան 22.00-ից մինչ առավոտյան 6-ը հնարավոր չի լինի թմրանյութ ձեռք բերել։
Մարիխուանայի վաճառքի օրինականացման մասին որոշումն ընդունվել է քվեարկության ընթացքում, որը կայացել է Կալիֆորնիայում՝ 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրություններին զուգահեռ։









































