Նախագահական ամանորյա ուղերձները Հայաստանում ունեն յուրօրինակ ընկալում: Մի կողմից դրանք ըստ էության հետսովետական հասարակությունների որոշակի սինդրոմ են, երբ սպասվում է այսպես ասած Առաջին դեմքի խոսքը՝ «տարին փակելու և նորը բացելու» համար, որովհետև հազիվ թե օրինակ զարգացած, պետականորեն կայացած հասարակություններում սպասեն, թե տասներկուսից հինգ պակաս ինչ պետք է ասի Թրամփը, Մակրոնը, կամ Մերկելը, մյուս կողմից իհարկե արդեն իսկ ձևավորված է որոշակի «արարողակարգ» և այդ ուղերձներն ըստ էության հնարավոր է դիտարկել նաև որպես գալիք տարվա իշխանության քաղաքականության կամ մտադրությունների որոշակի ուրվագծում, ինչը թերևս դարձնում է դրանք ուշադրության առարկա արդեն այս տեսանկյունից:
Ահա այդ իմաստով, Սերժ Սարգսյանի 2018-ի տարեմուտի ուղերձը անկասկած դիտարկվում է գերազանցապես 2018-ի խնդրի, Սերժ Սարգսյանի հետնախագահական որոշման, վարչապետի խնդրի ինտրիգի համատեքստում: Սարգսյանն այդ ամենին ուղիղ անդրադարձ բնականաբար չկատարեց, սակայն ուղերձը պարունակում էր մի քանի ուշագրավ տողեր, որոնց տողատակում նշմարվում էր այսպես ասած պահպանվող ինտրիգային անորոշությունը: Մասնավորապես, Սարգսյանը հայտարարում է «մեծ հավակնությունների» մասին, միաժամանակ նշում, որ տարվա ընթացքում ձեռքբերումները քաղաքացիների ձեռքբերումներն են, կարծես թե հանելով Կարեն Կարապետյանի կառավարության դափնին:
Ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ Սարգսյանը խոսում է քաղաքացիների համար իշխանության քայլերի շոշափելի և զգալի լինելու անհրաժեշտության մասին, նշելով, որ այդպես պետք է լինի 2018 թվականին: Այլ կերպ ասած, Սարգսյանը սահմանում է այսպես ասած չափման կամ գնահատման յուրօրինակ սանդղակ, ավելին, քան «մոգական» 7 տոկոս աճը, քանի որ 7 տոկոս աճը որևէ դեպքում չի կարող լինել շոշափելի և զգալի քաղաքացիների համար: Սակայն այստեղ իհարկե էական է մի նրբերանգ: Ապրիլի՞ն է լինելու այսպես ասած քննական շրջանը կառավարության աշատանքի շոշափելիության և զգալիության տեսանկյունից, թե՞ Սարգսյանը ակնարկում է այլ հեռանկարի, մասնավորապես տարեվերջի մասին:
Մի կողմից արդարացի թերևս չլինի ապրիլին արդեն պահանջել շոշափելիություն ու զգալիություն, մյուս կողմից ներկայիս կառավարության այսպես ասած տարեկան ցիկլը սեպտեմբեր-հոկտեմբերին է, երբ 2016-ի այդ ժամանակաշրջանում ձևավորվեց Կարեն Կարապետյանի կառավարությունը: Ըստ այդմ, առավել հավանական է թվում, որ արդեն նոր տարում հենց այդ ժամանակահատվածին ընդառաջ դիտարկվելու է կառավարության գործունեության զգալիության և շոշափելիության աստիճանը: Սարգսյանի ուղերձում ակնարկվում է թերևս, որ 2018-ի գլխավոր ինտրիգը վարչապետի հարցում այն չէ՝ կմնա՞ Կարեն Կարապետյանը 2018-ի ապրիլին, թե ոչ, այլ այն, թե արդյո՞ք ապրիլը չի կարող տեղափոխվել ավելի ուշ, այսինքն աշուն, երբ սովորաբար ճտերն են հաշվում:








































