«Շիրակի մարզը շատ պարարտ հող է քաղաքական դաշտում ներկայացված կուսակցությունների համար, քանի որ Շիրակի մարզը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով։ Շիրակի մարզը՝ որպես ընտրազանգված, շատ հետաքրքիր է բոլոր քաղաքական ուժերի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վարչապետի և Գագիկ Ծառուկյանի՝ Շիրակի մարզ կատարած այցերին։
Համբարյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում մեծ ներդրումներ է կատարում Գյումրիում, վերանորոգում է Ռուսթավելի փողոցը, նոր ներդրումային ծրագրեր են մշակվում Շիրակի մարզի վերաբերյալ։ Եվ այս ամենով վարչապետը փորձում է սեփական թիմ ձևավորել Շիրակի մարզում, Գյումրիում՝ փորձելով դրանով մի փոքր բարելավել ՀՀԿ-ի դիրքերը Շիրակի մարզում։
Մեր դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ Կարեն Կարապետյանին սեփական թիմ ձևավորել Շիրակի մարզում՝ հաշվի առնելով մամուլում անվերջ գրվող նրանց միջև առկա հակասությունն ու պայքարը, Համբարյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանին ավելի ձեռնտու կլինի, որ գոնե Շիրակի մարզում իր թիմն ունենա, քան ՀՀԿ-ն առհասարակ ոչ մի թիմ չունենա մարզում։ Որքան էլ նրանց միջև հակասություններ լինեն, այդ ձայները գնալու են ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն դասական կուսակցություն չէ։ Դա ակումբ է, որի մեջ մտած են բազմաթիվ ուժեր, որոնց միավորում է Սերժ Սարգսյանը՝ որպես բևեռի գլխավոր անձ։ Դրա համար Սերժ Սարգսյանին ավելի ձեռնտու է, որպեսզի ձայները գնան թեկուզ Կարեն Կարապետյանին, քան գնան ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին»։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի այցին, ապա, Համբարյանի խոսքով, վերջին տարիներին Ծառուկյանը պարտադիր դեկտեմբերի վերջին այցելում է Շիրակի մարզ։ «Անցյալ տարի նրա գալու ժամանակ մեկ հոգի մահացավ, այս տարի, բարեբախտաբար, սահմանափակվեցինք ուշաթափությամբ։ Մարդկանց հսկայական բազմություն էր հավաքվել։ Ծառուկյանը 100 միլիոն դրամ է տրամադրել ԱԺ երկու պատգամավորներին՝ Վարդևան Գրիգորյանին և Գյումրիի նախկին քաղաքապետին, որպեսզի մինչև Ամանոր այդ գումարները բաժանվեն անապահով շիրակցիներին և գյումրեցիներին։ Ծառուկյանն ամեն տարի բավական մեծ գումար է հանգանակում, և մարդկանց այդ հոծ բազմությունը հենց դրանով էր պայմանավորված»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Ծառուկյանի և ԲՀԿ-ի վարկանիշը շատ բարձր է Շիրակի մարզում, Գյումրիում։
«Շիրակի մարզում ԲՀԿ-ն է առաջին տեղում պատգամավորների թվով։ Ծառուկյանի վարկանիշը Շիրակի մարզում երկրորդն է՝ Կոտայքի մարզից հետո։ Դա փաստ է։ Անգամ ԲՀԿ-ի երկու պատգամավորները ընտրվել են հիմնականում ոչ թե Շիրակի համայնքների, այլ հենց Գյումրիից ստացած ձայների շնորհիվ։ ԲՀԿ-ում դա շատ լավ գիտեն»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ այս այցերը, Շիրակի անապահով բնակչության հանդեպ հետաքրքրությունը, ինչպես արդեն նշվեց, հստակ քաղաքական ենթատեքստ ունեն։ Պարզապես այս դեպքում քաղաքական ուժերի և շիրակցիների շահերը համընկնում են. մեկին աջակցություն է պետք, մյուսին՝ օգնություն. «Ծառուկյանն այցելում է, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը դեպի իր անձը և կուսակցությունը պահպանի, իսկ վարչապետը՝ ավելացնի դեպի ՀՀԿ-ն մարդկանց հետաքրքրությունը»:
Համբարյանը նշեց նաև, որ 2018-ի մարտ ամսին Շիրակի մարզի երկու խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, համայնքները խոշորացվելու են, հատկապես Արթիկում բավական թեժ ընտրություններ են սպասվում, և վերջին շրջանում քաղաքական ուժերի հետաքրքրվածության բարձրացումը Շիրակի մարզի նկատմամբ նաև դրանով է պայմանավորված։ «Քաղաքական ուժերը ակտիվություն ցուցաբերելով՝ փորձում են իրենց մասին հիշեցնել հասարակությանը»,- եզրափակեց Համբարյանը։










































