Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև՝ ԱՄՆ-ին կոչ անելով հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: Բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի, եթե Հայաստանը դեմ կամ ձեռնպահ քվեարկեր, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մերձավոր Արևելքում ստեղծվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակի կոնտեքստում Թրամփի հայտարարությունից հետո հստակ դարձավ, որ մենք ունենալու ենք երեք հիմնական առանցքներ՝ Իսրայել, Իրան և Թուրքիա: Հայաստանը գործելու է և ապրելու է այդ անվտանգության մթնոլորտում, և Իսրայել-Իրան ցանկացած հակամարտության թեժացում կարող է անվտանգության լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»:
Անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին՝ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանը 25 տարի ուշացել է այդ հարաբերությունները կառուցելուց. «Եթե պետական քաղաքականություն և սեփական շահերի սպասարկման խնդիր կա, չպետք է նայել, թե որ երկիրն ինչ կասի. գերական քո երկրի շահն է, ինչը տվյալ դեպքում չի նշմարվել: Մենք բոլոր հնարավորությունները կորցրել ենք՝ չնայած մեր հսկայական առավելություններին. չեք գտնի որևէ ազգ, որը Հին քաղաքում ունի ոչ թե կրոնական, այլ ազգային ներկայություն: Սա բացառիկ երևույթ է»:
Նրա խոսքով՝ պաղեստինյան և իսրայելական մասի բաժանումը մեզ համար շատ ավելի մտահոգիչ էր, որովհետև մենք չգիտեինք՝ որ կողմում կարող էր հայտնվել հայկական թաղամասը. «Ուստի Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակն էր պահպանել միջազգային այն կարգավիճակը, որը դեռ 1948 թվականին տրվել էր ՄԱԿ-ի բանաձևով»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































