Կառավարությունը հավանություն տվեց Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ժամանակ մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթաց:
«ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման շրջանակում 2017-ի օգոստոսի դրությամբ մարզերից և համայնքներից ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրի հայտեր` տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ գործընթացի ընթացքում հասկանալի է դարձել՝ չունենալով հստակեցված գնահատման կարգ, համապատասխան չափորոշիչներ՝ ունենում ենք դժվարություններ:
«Քանի որ ցանկացած բնույթի ծրագիր, որ գալիս էր կառավարություն, նրանց բավական մեծ մասը միջոց խնդրելու, հին վարկը փակելու հետ էր կապված, ոչ թե տնտեսական արդյունավետություն՝ աշխատեղեր բացելու համար», – ասաց Լոքյանը՝ ընդգծելով նաև, որ ներկայացվել են նաև հաջողված ծրագրեր:
Այժմ սահմանվել են չափորոշիչներ և համապատասխան փուլերից հետո կառավարություն մտնելու են ծրագրեր, որոնք իրենց ընթացակարգում ձևակերպված չափորոշիչներին բավարարելու են և հանձնաժողովը գնահատելու է, թե որ ծրագրին տրվի նախապատվություն և ինչ չափով սուբսիդավորվի:
Դավիթ Լոքյանը նշեց, որ ծրագրի արդյունավետության գնահատման խնդիր են դրել, որտեղ առաջին գործոնը ծրագրի ոլորտն է:
Հաջորդ կարևոր չափորոշիչը, նախարարի խոսքով, համաֆինանսավորումն է։
Ծրագիր ներկայացնող սուբյեկտը պետք է համաֆինանսավորման մասնակցի իր դրամական միջոցներով, որը ոչ պակաս պետք է լինի 30 տոկոսից»։ Մյուս չափորոշիչը աշխատատեղերի ստեղծումն է։
Նախարարն ընդգծեց, որ արտահանում ունեցող ձեռնարկությունները ստանում են բարձր բալ:
«Եթե միջինացնում ենք մեր գնահատումները և տեղափոխում ենք ֆինանսական դաշտ, հասկանալի է դառնում, որ կարող ենք ֆինանսավորել 7,5 միլիարդի տնտեսական ծրագրեր, որի մեջ չի հաշվարկվում մասնավորի բիզնեսի ներդրած գումարը:
Այս պարագայում, ներդրումը կարող է կրկնապատկվել ու արդյունքում կարող ենք ունենալ 15 միլիարդ դրամի ներդրում: Այսպիսով, կազատվենք ծրագրերի խայտաբղետությունից և կունենանք աշխատելու իրական դաշտ», – ասաց Լոքյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ առաջիկա շաբաթ օրը քննարկելու են բոլոր մարզերից եկած ծրագրերը: «Իրականում ունենք խայտաբղետ ծրագրեր, որոնցից շատերն ընդհանրապես ծրագրեր չեն: Մենք կանոնակարգում ենք հայտանիշները, հստակ ձևակերպում, թե ծրագիրն ինչ հարցերի պետք է պատասխան տա:
Իրականում 7,5 միլիարդ դրամի սահմանափակումը վերջնական չէ, մենք միջոցներ հայթայթենք, եթե ծրագրերի որակը համապատասխանի չափանիշներին, քանի որ այդ ծրագրերը դա միանշանակ տնտեսական ակտիվությունը մարզերում բարձրացնելու է», – ասաց նա՝ ավելացնելով, որ մարզպետներին հնարավորություն է տրվելու համայնքային գույքը տրամադրել բիզնեսին նույնիսկ անվճար օգտագործման, եթե համապատասխան հայտանիշներով ներդրումներ են կատարվելու և ստեղծելու աշխատատեղեր:
«2018 թվականին մաքսիմալ ուշադիր ենք լինելու և տարբեր մեխանիզմներով ու գործիքակազմերով փորձելու ենք նպաստել մարզերում տնտեսական ակտիվությունը»,- ասաց վարչապետը:











































