Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեին շուրջ 32 մլն դրամ հայտկացնել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նպատակով: Այն կստեղծվի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ աշխարհում առաջին անգամ է նման փորձ արվում: Նա նշեց, որ վերոնշյալ համալսարանում շախմատի հետ կապված գիտահետազոտական աշխատանքներ վաղուց են կատարվում, այնտեղ կա լաբորատորիա: «Քանի որ շախմատը մտավ դպրոց, մանկավարժական տարբեր խնդիրներ կան դասավանդման ձևերի, էտյուդների, շախմատային խնդիրների կազմման վերաբերյալ: Դրանով է պայմանավորված այս որոշումը»,- ասաց նա:










































