Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կարծիքով՝ անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդ մասնագետների պատրաստվածության մասնագիտական-տեխնիկական մակարդակը, որպեսզի նրանք կարողանան աշխատանքի շուկայում մրցակցել ներգաղթյալների հետ:
Քոուլի քաղաքում Mini ավտոմեքենաների արտադրության գործարանում ներկայացնելով երիտասարդների որակավորման բարձրացման իր նոր ծրագիրը՝ Քեմերոնը հայտարարել է, որ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների կեսը ներգաղթյալներ են: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, վարչապետը նշել է, որ նման արտադրությունում ամենից հաճախ աշխատում են Արևելյան Եվրոպայից եկած մասնագետները:
Քեմերոնի կարծիքով՝ նրանց «ոչ» ասելու ժամանակն է: «Եկե՛ք բարելավենք մեր կրթական համակարգը, որպեսզի մենք ունենանք մե՛ր մասնագետները»,- ասել է Քեմերոնը:
Կադրերի վերապատրաստման Քեմերոնի ծրագրում ներառված են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Mini-ն, BAE Systems-ը, Microsoft-ը, Barclays Bank-ը, որտեղ երիտասարդ մասնագետները ստաժավորում կանցնեն:
Բրիտանացի վարչապետին աջակցում է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով երիտասարդ բրիտանացիներին անվանել է «չհասած»՝ պրոֆեսիոնալ պլանում ներգաղթյալների համեմատ:
Համաձայն վիճակագրական տվյալների՝ այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում պաշտոնապես գրանցված ներգաղթյալ աշխատողների թիվը կազմել է 683 հազար: