Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը տարածաշրջանում անկայուն իրավիճակի ռիսկ է ստեղծել և կունենա հեռուն գնացող հետևանքներ: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը:

Նա համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել հաստատել Երուսաղեմի կարգավիճակի մասին գոյություն ունեցող բանաձևը և հասնել Միացյալ Նահանգների նախագահի որոշման փոփոխման:
Մանսուրը Թրամփի գործողությունները որակել է «անօրինական և անպատասխանատու» և նշել, որ Վաշինգտոնը դրանով խախտում է «տարածաշրջանում խաղաղություն փնտրող» առաջնորդի իր կարգավիճակը:
Մշտական ներկայացուցիչը ընդգծել է Երուսաղեմի կարգավիճակի կարևորությունը պաղեստինցիների և ամբողջ արաբա-մուսուլմանական աշխարհի համար և նշել է, որ առանց այդ հարցի շուրջ «արդարացի որոշման» անհնար է վերջակետ դնել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:








































