Լիբիայի անցումային ընդդիմադիր Ազգային խորհուրդը, որը վերահսկում է երկրի արևելյան շրջանները, ստորագրել է առաջին պայմանագիրը ԱՄՆ նավթ արտահանելու համար: Այս մասին նախօրեին հայտնել է CNN հեռուստաալիքը: 1.2 միլիոն բարելի արտահանման պայմանագիրը ստորագրվել է TNC ընկերության հետ: Պայմանագրի ֆինանսական կողմի մասին չի հաղորդվում:
Այդ պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա շաբաթների ընթացքում ամերիկյան Հավայան կղզիներ կժամանի Լիբերիայի դրոշի տակ գործող լցանավը: TNC ընկերությունում ասել են, որ չեն ցանկանում սահմանափակվել միայն 1.2 միլիոն բարելով, քանի որ այն միջոցները, որոնք վճարվում են լիբիական նավթի համար, կարևոր նշանակություն ունեն Բենղազիում Քադաֆիի դեմ պայքարողների համար:
Հիշեցնենք, որ մարտ ամսից Լիբիայում սկսված հակամարտության արդյունքում Մուամար Քադաֆիին ընդդիմադիր ուժերին հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը երկրի արևելյան շրջաններում՝ այստեղ ձևավորելով ժամանակավոր կառավարություն և ինքնակառավարման մարմիններ: