Կալիֆորնիայի իշխանությունները հրդեհների վտանգավորության մասին նախազգուշացում են ուղարկել 12 մլն բնակչի։ Տեքստային հաղորդագրությունները ստացել է նահանգի հարավային 7 շրջանների բնակչությունը։
Տարերային աղետի գոտուց արդեն տարհանվել է ավելի քան 200 հազար մարդ։ Հիմնականում նրանք Վենտուրա և Լոս Անջելես քաղաքի շրջանների բնակիչներն են։
Կրակը սպառնում է մի քանի հազար շենքերի։ Խաթարվել է ավելի քան 23 հազար տների ու ձեռնարկությունների էներգամատակարարումը, հայտնում է CBS հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունն անտառային հրդեհների պատճառով նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։










































