Ազդեցիկ միջազգային գործարարները հանդես են եկել ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի «նոր կուրսի» շրջանակում ձերբակալված արքայազն Ալ-Վալիդ բին Թալալի։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սաուդցի գործարարի ամերիկացի և եվրոպացի շատ գործընկերներ հայտարարել են, որ չեն հավատում կոռուպցիոն մեղադրանքներին և հարցադրում են հնչեցնում ձերբակալման իրական պատճառի վերաբերյալ։

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ արքայազնը բարեգործական աշխատանքում եղել է կարևոր գործընկեր։
«Արքայազն Ալ-Վալիդը եղել է իմ հիմնադրամի աշխատանքում կարևոր գործընկեր, որպեսզի երեխաները ողջ աշխարհում կյանք փրկող պատվաստումներ ստանան։ Մենք միասին աշխատել ենք՝ օգնելու դադարեցնել պոլիոմելիտի, կարմրուկի և այլ հիվանդությունների տարածումը։ Բարեգործության հանդեպ նրա ձգտումը ոգևորում է»,-նշել է միլիարդատերը։

Իսկ Citigroup-ի նախագահ Մայքլ Կորբատն արքայազնին անվանել է «հետևողական, հավատարիմ կողմնակից»։
Հաղորդվում է, որ սաուդցի արքայազնի կարողությունը կրճատվել է ավելի քան 1 մլդ դոլարով՝ կոռուպցիոն կասկածանքով նրա ձերբակալության պահից։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները 200 մարդու են ձերբակալել կոռուպցիոն գործի շրջանակում։












































