Խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի՝ Մանախի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատաքննությունն սկսվեց։ Նախ հրապարակվեց մեղադրական եզրակացությունը, ապա դատարանը անցավ վկաների հարցաքնման փուլին։ Մինչ դա, սակայն, գործով մեղադրյալ Արթուր Այվազյանը հայտարարեց, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, որ գործը պատվիրված է, նախաքննական մարմնի կողմից գործը քննվել է քրեադատավարական նորմերի էական խախտումներով, կեղծ ապացույցներ են ստեղծվել, դատաբժշկական և փորձագիտական կեղծ եզրակացություններ են տրամադրվել և կցվել գործին։
Այս հայտարարությունից հետո դատարանը որոշեց սկսել վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվեց մեկ վկա, որը Արթուր Այվազյանի հետ նույն բակում է բնակվում: Վկան նշեց, որ կռիվ է եղել, քաշքշուկ, տեսել է Արթուրին արյունաշաղախ դեմքով: Արթուրի ձեռքում միայն դրոշ է տեսել, որևէ մեկի մոտ զենք չի տեսել, եթե զենք լիներ, հաստատ կտեսներ:
Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը 31.03.2017թ. ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցի թիվ 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած՝ գործարանային արտադրության 5․6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող՝ 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:









































