Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ցավալի պարտություն կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում: Լարված պայքարում 71:78 հաշվով զիջեցինք Դանիայի բավական ուժեղ հավաքականին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, ինչը բասկետբոլում հաճախ չի լինում: Առաջին երկու քառորդներում Հայաստանի հավաքականը հաղթեց, և թվում էր, թե մեր բասկետբոլիստները հերթական հաղթանակը կտանեն: Երրորդ քառորդում Դանիան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 4-րդում առաջ անցավ: Հանդիպման վերջնամասն անցավ ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտում: Մերոնք, մեծացնելով ճնշումը, հանդիպումն ավարտեցին 69:69 հաշվով:
Նշենք, որ եթե մեր խաղացողները մի փոքր ավելի դիպուկ իրացնեին տուգանային նետումները, հաղթանակը անխուսափելի կլիներ: Ինչևէ, հանդիպման հիմնական ժամանակից հետո թվում էր, թե երկրպագուների հզոր աջակցության ներքո Հայաստանը կհաղթի, բայց… Մեր բասկետբոլիստները գործեցին անմնացորդ նվիրվածությամբ, ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար, սակայն վերջին 5 րոպեներին, այսպես ասած, այլևս ուժ չէր մնացել պայքարելու:

Ոմանք պարտության մեջ մեղադրում են կոնկրետ բասկետբոլիստների, մասնավորապես՝ Քրիս Յանկուին, որը մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց: Ի տարբերություն Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը կազմի ընտրության խիստ սահմանափահ հնարավորություն ուներ: Օրինակ՝ Անդրանիկ Չրաբաշը խաղացել է մոտ 44, Լուկաս Ֆիշերը՝ 42, Ռայան Բոաթրայթը՝ 40 րոպե: Ըստ էության այս բասկետբոլիստները խաղացել են առանց հանգստանալու: Հանդիպմանը հայտավորված 12 բասկետբոլիստներից 3-ն ընդհանրապես խաղադաշտ դուրս չեն եկել, իսկ հավաքականի ավագ Ամիրխանովն ու Կոնստանտինովը խաղացել են 10 ական րոպե:
Մինչդեռ Դանիայի հավաքականի կազմում Հայաստանի հավաքականի դեմ խաղացել են 11 բասկետբոլիստները: Ծանոթանալով մեր մրցակցի ցույց տված վիճակագրությանը՝ հերթական անգամ համոզվում ենք, որ դանիացիներն ունեն երկու հավասարազոր կազմ: Սա հաղթանակի գլխավոր հաղթաթուղթն էր: Հետևաբար պարտության մեջ ինչ-որ մեկին մեղադրելը, կարծում ենք, այս պարագայում պատեհ չէ:
«Գոհ եմ տղաներից, շատ լավ խաղ էր։ Կարճ ժամանակ ունեինք մարզվելու համար։ Նաև կադրային խնդիրներ ունեինք։ Այս պահին բացակայում են շատ կարևոր խաղացողներ։ Նրանց պահեստային նստարանը 33 միավոր բերեց թիմին, իսկ մեր պահեստային նստարանը՝ ընդամենը 4: 30 րոպե կարողացանք պահել հաղթական հաշիվը, հետո խաղը շրջվեց պարզապես: Երրորդ քառորդից հետո կորցրինք վերահսկողությունը։ Խաղի վերջում մենք միավորներ բաց թողեցինք, իսկ մրցակիցը նետումներ արեց և միավորներ վաստակեց։ Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին։ Ինչպես միշտ՝ նրանք ֆանտաստիկ էին։ Մեզ համար շատ կարևոր էր նրանց աջակցությունը: Բասկետբոլը թիմային խաղ է։ Չեմ կարծում, որ պարտության համար միայն մեկ խաղացող է մեղավոր։ Իմ տղաները բոլորն էլ պայքարում էին հաղթանակի համար։ Ամեն դեպքում շատ լավ հանդիպում էր։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականն ունի այսպիսի բարձր խաղամակարդակ և մրցում է բարձր մակարդակ ունեցող թիմերի հետ։ Հույս ունեմ, որ պատասխան խաղում մենք էլ դանիացիներին կհաղթենք, նրանց հարկի տակ»,- խաղից հետո ասաց Նիկշա Բավցևիչը։
Այս մրցավեճի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռայան Բոաթրայթը, որը վաստակել է 28 միավոր: «Դժվար հանդիպում էր: Սա մեր նույն թիմը չէր, ինչ ամառվա խաղերում: Այդ ժամանակ մենք ունեինք պահեստայինների երկար նստարան, իսկ այս խաղում դա մեզ համար մեծ խնդիր էր: Դանիացիները 4-5 րոպեն մեկ նոր փոխարինում էին կատարում, իսկ մեզ մոտ 4 խաղացող 14 րոպե խաղաց: Հոգնածությունն իրեն զգացնել տվեց: Ներդրեցինք մեր ողջ ուժերը: Երկրպագուները պարզապես հսկայական աշխատանք էին կատարում ու մեզ մեծ էներգիա էին տալիս: Եթե մեր բոլոր խաղացողներն այսօր մեզ հետ լինեին, միանշանակ կհաղթեինք»,- նշել է մեր հավաքականի առաջատարը:
Հիշեցնենք, որ Դանիայի հետ հանդիպումից երեք օր առաջ Հայաստանի հավաքականը Տիրանայում 80:63 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի հավաքականի նկատմամբ:
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երևանում մրցելով ալբանացիների հետ:









































