«Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը շատ մեծ անելիք ունեն, որպեսզի ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը դառնա հանրության լայն շրջանակների սեփականությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Լիբերալ քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը վերաբերում է ՀՀ հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներին, եթե համաձայնագրով նախատեսված բարեփոխումները Հայաստանի իշխանությունները իսկապես իրականացնեն՝ այնպես, ինչպես համաձայնագրի տառն է և ոգին, բնականաբար ՀՀ քաղաքացին դրա ազդեցությունը կզգա որոշ ժամանակ անց, բայց, իհարկե, ոչ շատ կարճ ժամանակ անց։
«Քաղաքացիական հասարակության գործառույթը իշխանությունների գործողությունները անընդհատ մոնիթորինգի ենթարկելու, զսպելու, վերահսկելու մեջ է, որպեսզի իշխանությունը ճիշտ կատարի, այսպես կոչված, «տնային աշխատանքները» և համաձայնագրով նախատեսված կետերը, դրույթներն ու բարեփոխումները կարողանա ոչ թե պահել պարզապես որպես ֆիկտիվ ցանկությունների կենացների մի փունջ, այլ ըստ էության դարձնի կյանք, կարևոր բաղկացուցիչ, և մարդիկ իրենց կյանքում, առօրյա հարաբերություններում զգան դրա էֆեկտիվությունը»,- շեշտեց նա։
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումը փորձում են ներկայացնել որպես դիվանագիտության շռնդալից հաղթանակ, բայց դա այդպես չէ: Հաշվի առնելով այն, որ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, 2 քայլ հետ ենք, մեկ քայլ՝ առաջ, մեկ քայլ առաջ՝ այն պատճառով, որ չնայած ավելի նվազ հնարավորություններով, բայց Շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց։
Մանրամասները՝ տեսանյութում:








































