Պոլսո պատրիարքի ընտրության հարցում առեղծվածային և սխալ մեկնաբանություններ են արվում, թե իբր Թուրքիայի կառավարությունը մինչ օրս արգելում է հատուկ պատրիարքական ընտրությունները։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է պոլսահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը։
Նրա խոսքերով՝ պատրիարքական ընտրությունները Թուրքիայի Հանրապետության գլխացավանքների մեջ կարող են 16-17-րդ տեղը զբաղեցնել. «Այսինքն՝ Թուրքիան բան ու գործ չունի, առավոտից գիշեր չի խմում, չի ուտում, և մտածում է եղած-չեղած 70 հազար բնակչությամբ քրիստոնյա պոլսահայ համայնքի պատրիարքի ընտրությունն արգելելու մասի՞ն։ Տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան, որը վերջին տարիներին, հատկապես 2011-12 թվականներին այնպիսի գլխացավանքներ ունեցավ, մի նոր գլխացավանք ունենալու ոչ խելացիություն չի ցուցաբերի։ Այդքան խելք Թուրքան ունի»։
Րաֆֆի Հերմոն Արաքսը նշեց, որ իրականում Պոլսո պատրիարքի ընտրությունն արտոնել-չարտոնելու խնդիր չկա. «Թուրքիայում ցանկացած ամենախուլ լեռան գլխին գտնվող թուրքական ամենահասարակ նախակրթարանի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունից մինչև ամենամեծ կազմակերպությունների ընտրությունը, Թուրքիայի ղեկավարությունից թույլտվություն չեք խնդրում, այլ միայն տեղեկացնում եք, որ որոշել եք այսպես։ Իսկ Պոլսո պատրիարքի ընտրության պարագայում հայկական համայնքի մեջ ինչ-ինչ պատճառներով ինքն իրեն հարս ու փեսա, ինքն իրեն համայնքի ներկայացուցչի պիտակը ստանձնողները մատները թափ տալով ասում են՝ պետությունը Բեկչյանին կամ մեկ ուրիշին չի ուզում։ Նման բան գոյություն չունի։
Նախ, 9 տարի պատրիարքի ընդհանուր փոխանորդի տիտղոսը ստանձնեց մի անձ, որն ասում էր, իբր, պետությունը չի արտոնում պատրիարքի ընտրություն։ Դրանից հետո մի հայկական հասարակական կազմակերպությունում հավաքվեցին, ասացին՝ հերիք եղավ, բոլ եղավ, եկեք ժողովրդական մի ասոցիացիա հիմնենք, և սկսեցին հետապնդել այդ հարցը։ Նրանցից Կարո Կաբրիելյանը և Խոսրով Դավիթօղլուն հանդիպեցին կուսակալի տեղակալի հետ։ Վերջինս զարմացել ու հայտնել է, որ իրենք պաշտոնական նամակ անգամ չեն ստացել, որ պատրիարքի ընտրության հարց կա։
Դեկտեմբերի 13-ին ընտրությունները լինելու համար որոշում պետք է կայացվի, կուսակալությանը դրա մասին ասվել էր։ Այսինքն՝ տեղեկացվել էր, որ դեկտեմբերի 13-ին մենք ընտրություններ ենք անելու։ Թուրքական իշխանության մարմինն էլ միայն ասել է, որ այդ ամսաթվին հարմար չէ, պետք է հետաձգել։ Հետաձգման պատճառն էլ, ենթադրաբար, գալիս է ոչ թե վերևից, այլ համայնքի ներսից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































