ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին նշվելիք Գոհաբանության տոնի նախօրեին առաջին անգամ ներում է շնորհել երկու հնդկահավի և ազատել նրանց կերակուր դառնալու հնարավորությունից։ Նախագահի նստավայրի Վարդագույն այգուց միջոցառման հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։
«ԱՄՆ-ի գլխավոր հնդկահավ» տիտղոսին արժանացել է Դրամստիք անունով թռչունը։ Թրամփը ներել է նաև Ուիշբոուն անունով հնդկահավին, որն արարողությանը ներկա չի գտնվել։
Պետության ղեկավարի գործողություններին ուշիուշով հետևել են նրա կինը՝ Մելանյան, և նրանց որդին՝ Բերոնը։
Ներման նախօրեին երկու հնդկահավերը գիշերել էին նախագահի նստավայրի դիմաց գտնվող 5-աստղանի հյուրանոցում։
Թռչուններն արարողությունից հետո կուղարկվեն Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարան՝ իրենց «գործընկերների» մոտ, որոնց անցած տարի ներել էր նախկին նախագահ Բարաք Օբաման։











































