Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով զինվորականների կողմից երեքշաբթի օրվանից բանտարկված է իր անձնական նստավայրում, մոտ ժամանակներս իշխանությունը կփոխանցի երկրի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, ով ընդդիմության մասնակցությամբ անցումային կառավարություն կձևավորի։ Այս մասին հայտնում է Financial Gazette տեղի պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նոր կառավարությունը կղեկավարի երկիրը 5 տարի, որից հետո ընտրություններ կանցկացվեն։
Լույս նոյեմբերի 15-ի գիշերը Զիմբաբվեում տապալվել էր 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով երկաթե ձեռքով ղեկավարել է երկիրը 1980 թվականից։ Նրան տնային կալանքի են ենթարկել։
Զինվորականները տանկեր էին դուրս բերել փողոց, վերահսկողության տակ վերցրել ZBC հեռուստառադիոընկերությունը, որի եթերում հայտարարել էին, որ ոչ մի հեղաշրջում չկա, սակայն բանակը վերահսկում է իրավիճակը երկրում, և գործողություններն ուղղված են Մուգաբեի շրջապատի հանցագործների դեմ, ովքեր հանցանքներ են իրագործում՝ երկրում առաջացնելով սոցիալական և տնտեսական տառապանքներ։








































