Չինաստանի 20-րդ դարի պետական և քաղաքական գործիչ Մաո Ցզեդունը կդառնա մանկական մուլտֆիլմի կերպար: Չինական երկու ընկերութուններ հայտարարել են Մաո Ցզեդունի կյանքի վաղ տարիների մասին անիմացիոն մուլտֆիլիմ նկարահանելու մասին:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, մուլտֆիլմը կկոչվի «Երբ Մաո Ցզեդունը երիտասարդ էր» (When Mao Zedong Was Young): Ֆիլմի նպատակն է երիտասարդ սերնդին Մաոյի կերպարը ցուցադրել դրական տեսանկյունից: Մաոն պատկերված է որպես ընկերասեր, նիհար, մեծ աչքերով դեռահաս:
Qiushi’s film and TV center կինոընկերության գեղարվեստական ղեկավար Լյու Հուաշենգը նշել է, որ թիրախային լսարանը երիտասարդությունն է, որը քիչ բան գիտի հեղափոխության հերոսների մասին: Մուլտֆիլմի համար նախատեսվում է ծախսել շուրջ 5 միլիոն դոլար:
Նշվում է, որ մուլտֆիլմը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի 26-ը և կցուցադրվի տոնական միջոցառումներին՝ նվիրված չինացի առաջնորդի 120-ամյակին: