Սահմանադրական դատարանի երեկվա որոշումն ինչքան էլ անուղղակիորեն է կասկածի տակ դնում Վանաձորի քաղաքապետի և ավագանու լեգիտիմությունը, միևնույն է` ուղղակի հարված է ՀՀԿ-ին, եթե նույնիսկ կառավարող կուսակցության իշխանությունը կասկածի տակ է դրվում առանձին վերցրած մեկ քաղաքում և մեծ հաշվով` այս որոշումից տուժելու են Հանրապետականի այն սեգմենտներն, որոնց շահերն անմիջականորեն կապված են Վանաձորի կամ Լոռիի մարզի հետ:
Պատրանքներ չունենանք` մենք ապրում ենք ավտորիտար երկրում և այս հարցում` եթե նույնիսկ խիստ արդյունավետ է գործել ընդդիմությունը, ՍԴ-ի նման համարձակ որոշում չէր կարող լինել` առանց իշխանության բարձր մակարդակի համաձայնության: Հայաստանի իրական իշխանությունն այս պահին ունի բիցիֆալ` երկգլուխ բնույթ, գոնե` արտաքուստ: Սակայն Կարեն Կարապետյանն օբյեկտիվորեն չէր կարող ՍԴ նման որոշման քաղաքական «հովանավոր» լինել, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ նրա համակարգային կշիռը ձգում է նման «հովանավորության»: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն ընդամենը շաբաթներ առաջ նույնիսկ զբաղվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի PR-ով` նրա հետ լուսանկարվելով մի ամբողջ ալբոմի համար: Մնում է Սերժ Սարգսյանը, ով անշուշտ նախապես տեղեկացված է եղել ՍԴ որոշման մասին: Ստանդարտ իրավիճակներում Սարգսյանն, անշուշտ, թույլ չի տա, որ նման բացահայտ ձևով ՀՀԿ-ի «ոտքը» տրորեն, սակայն հիմա միանգամայն այլ է իրերի դրությունը:
Սերժ Սարգսյանը զբաղված է համակարգային տրանսֆորմացիայի բարդ ու բազմաշերտ գործընթացով, որտեղ միանգամայն օրինաչափ է մասի զոհաբերումը ամբողջին, նման կոմբինացիաներով` ներհամակարգային լարվածության թուլսցումը, մանավանդ, որ Վանաձորում, մեծ հաշվով, ՍԴ որոշման հետևանքով տուժում են ոչ թե ՀՀԿ-ն, այլ` քաղաքապետն ու նրա հովանավոր Վահրամ Բաղդասարյանը: Ի վերջո, եթե նույնիսկ անցկացվեն Վանաձորի ավագանու նոր ընտրություններ, ապա իշխանությունը շատ արագ կարող է կոնսոլիդացվել և ՀՀԿ-ի համար «համոզիչ հաղթանակ» ապահովել:
Ի վերջո, անցած մեկ տարում լիքը ջրեր են հոսել, ինչի հետևանքով Վանաձորում այս անգամ ընդդիմությունը կարող է ոչ թե կոնսոլիդացվել, այլ նույնիսկ` փոշիացնել իր պոտենցիալը: Մեկ այլ գործոն էլ կա, որ կարող էր մոտիվացնել ՍԴ երեկվա որոշումը: Այս ամիսը Սերժ Սարգսյանի համար եվրոպական է` ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի ֆոնին և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն որոշել է որոշակի բովանդակություն հաղորդել Հայաստանի եվրոպական «միամսյակին»:
Մամուլը այսօր գրել էր, որ ՍԴ երեկվա որոշումը «գեղեցիկ հեռացում» է ապահովում Գագիկ Հարությունյանի համար, ով 2018-ի ապրիլին բոլորում է իր 70-ամյակը և Սահմանադրության ուժով պետք է թողնի պաշտոնը: Անկեղծ ասած, հուզականության նման դոզան հարիր չէ Հայաստանի խիստ «պրագմատիկ» համակարգին, մանավանդ, որ վստահ ենք` Գագիկ Հարությունյանը թոշակի գնալու ցանկություն չունի: Եթե ՍԴ երեկվա որոշումը դիտարկենք համակարգային զարգացումների համատեքստում, ապա Գագիկ Հարությունյանն ոչ թե «գեղեցիկ ֆինալ», այլ նույնիսկ` «գեղեցիկ ստարտ» է ձևակերպել:
Խոսքը վերաբերում է Հայաստանի նախագահ դառնալու Գագիկ Հարությունյանի հավակնություններին: Անգամ նոր Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը նշանակալից է և թույլ է տալիս մնալ համակարգի «պոլիտբյուրոյում» և մասնակից լինել առանցքային որոշումների կայացմանը: Ընդ որում` ապագա նախագահը քաղաքական ավելի մեծ ազդեցիկություն կունենա, եթե խորհրդարանում ընտրվի ավելի մեծ կոնսենսուսով: Այս տրամաբանության մեջ` Գագիկ Հարությունյանը երեկ «ազգային համաձայնության թեկնածու» դառնալու հայտ է ներկայացրել, որովհետև առնվազն վաստակել է «Ելքի» ու «Ծառուկյան» դաշինքի լոյալությունը: Համաձայնեք` Հայաստանի հաջորդ նախագահի պոտենցիալ թեկնածուներից որևէ մեկը չունի նման քաղաքական հաղթաթուղթ:











































