Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննում է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որը վերաբերում է ՏԻՄ նոր օրենսգրքում առկա հակասություններին։ Մասնավորապես վիճարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։
Դիմումը ներկայացնելուց հետո Արտակ Զեյնալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ նոր օրենքի դեպքում իրավիճակը հարմարեցվել էր օրենքին, սակայն ՍԴ-ն պետք է իր որոշմամբ վերացնի այդ ճգնաժամը։ Թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը՝ Զեյնալյանը դժվարացավ ասել, հորդորեց սպասել։
ՍԴ-ն որոշումը կհրապարակի այսօր, ժամը 15։00-ին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: