Նախօրեին նախագահական նստավայրում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն իրականանալի է համարել 2040 թվականին 4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու նպատակը, որի մասին նա հռչակել էր մայիսի 18-ին՝ նոր խորհրդարանի անդրանիկ նիստում ունեցած ողջույնի ելույթում: Հետաքրքիր է՝ երբ խորհրդարանում դեռեւս 9 տարի առաջ նա հայտարարում էր իր հայտնի մեգանախագծերի մասին, դրա՞նք էլ իրականանալի էր համարում այն ժամանակ, որոնք 9 տարի անց շարունակում են մնալ թղթի վրա:

Մյուս կողմից, իհարկե, 4 միլիոն բնակչությամբ Հայաստանն ամենեւին ֆանտաստիկայի ժանրից չէ, առավել եւս 23 տարիների ընթացքում, բայց դրա համար պետք են այլ քայլեր, որոնք արդեն իսկապես թվում են ֆանտաստիկայի ժանրից: Օրինակ՝ ֆանտաստիկայի ժանրից է այլեւս թվում, որ Հայաստանում հնարավոր է օլիգարխիկ տնտեսությունից անցում կատարել իսկապես մրցակցային տնտեսության: Համենայն դեպս ներկայումս մեր տնտեսության վարդագույն հեռանկարների նոր փուլը կառուցվում է ոչ թե օլիգարխիկից ազատական տնտեսության, մրցակցային տնտեսության անցումով, այլ ընդամենը օլիգարխիայի մի խմբից մյուսին կամ մի օլիգարխից մյուսին անցումով:
Դրա վկայությունն է այն, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ներկայումս մեկը մյուսի հետեւից ձեռք է բերում տարբեր տնտեսական տիրույթներ՝ դառնալով, ըստ էության, Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հովանավորը: Մինչդեռ տնտեսական բարեփոխումների ամբողջ էֆեկտը պետք է հանգի այն բանին, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը լինի իր հովանավորը, իր ուժերից կախված լինի թե՛ տնտեսական, թե՛ այլ բնույթի գործնական հաջողությունը: Քաղաքացիները չեն գնում այդպիսի երկրից, եւ հեռացած քաղաքացիները վերադառնում են այդպիսի երկիր:
Մինչդեռ այսօր ֆանտաստիկայի ժանրից է թվում այն, որ Հայաստանում իշխանության մեջ գտնվող մարդիկ կարող են չչարաշահել իրենց պաշտոնական դիրքը հօգուտ իրենց բիզնեսի կամ հօգուտ իրենց մերձավորների բիզնեսի: Նույնքան ֆանտաստիկ է թվում այն, որ Հայաստանի դատարաններում հնարավոր է անաչառ ու սկզբունքային գնահատականի արժանացնել պաշտոնեական դիրքի չարաշահումն ու կոռուպցիան: Ընդհանրապես ժողովրդագրական խնդիրն ինքնին որքան էլ առանցքային, հիմնարար, հնչեղ, այդուհանդերձ, որպես իրողություն խիստ ամորֆ է, որովհետեւ այն, ըստ էության, տարաբնույթ այլ համակարգային խնդիրների հանրագումարի հետեւանք է: Այսինքն՝ ժողովրդագրական խնդիրն առաջանում է պետական կառավարման, դատաիրավական, կրթական, առողջապահական ոլորտներում խնդիրների հետեւանքով, դրանց վատ աշխատանքի հետեւանքով: Փոխվում է աշխատանքը այդ ոլորտներում՝ փոխվում է ժողովրդագրական պատկերն ու հոգեբանությունը:
Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, հետեւաբար բացարձակապես կարիք չկա առանձին խորհրդակցությամբ անդրադառնալ մի հարցի, որը տարբեր հարցերի հետեւանք-համախումբ է: Խորհրդակցությունները պետք է նվիրված լինեն պատճառներին՝ շատ կոնկրետ մատնանշումով եւ շատ կոնկրետ հանձնարարությամբ, թե ինչ է պետք է անել եւ որքան ժամկետում: Ըստ այդմ՝ այլեւս պետք են խորհրդակցություններ ոչ թե անելիքի, այլ արածի վերաբերյալ՝ այն չափելու եւ գնահատելու, դրա հետեւանքով դեմոգրաֆիական շարժը հաշվելու համար: Իսկ այդ տեսանկյունից, ներկայումս խնդիր կա նույնիսկ Հայաստանի բնակչությունը 3 միլիոնի հասցնելու առումով: Գուցե հարկ է սկսել դրանից՝ համոզիչ լինելու համար, այն էլ՝ շատ կոնկրետ ժամանակահատվածի սահմանումով, ենթադրենք՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ Հայաստանի մշտական բնակչության թիվը գոնե 3 միլիոն հոգեբանական շեմին վերականգնելու համար:










































