«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։
– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում հասնել փոփոխությունների։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում փոփոխությունները որտեղի՞ց և ումի՞ց պետք է սկսել:
– Եթե նայենք վերջին 20 տարվա պատմությունը, ապա շատ պրիմիտիվ գաղափարներ են ասպարեզում։ Այսինքն՝ իշխանությունը վատն է, եկեք զենքի կամ ապստամբելու կամ մի ուրիշ եղանակով փոխենք իշխանությունը, մենք գանք, հետո լավ կլինի։ Ընդ որում, այդ «մենք»-երը ժամանակի ընթացքում փոխվում են։ Հետո այդ ասողները մտնում են իշխանության հետ տարբեր կոալիցիաների մեջ։ Ինչո՞ւ փոփոխություն չի լինում: Եթե մենք նայում ենք տարբեր երկրների պատմությունը, ապա տեսնում ենք, որ փոփոխությունը երբեք նման տեխնոլոգիաներով չի լինում, որովհետև փոփոխության համար դու պետք է այդ փոփոխությունն արդեն պատրաստ ունենաս ծրագրով: Ծրագիր ասելով նկատի չունեմ՝ գամ այս կամ այն անեմ, այլ նաև աշխարհայացքային, փիլիսոփայական, տնտեսության, սեփականության խնդիրները ներառել, այսինքն՝ պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել, իսկ նման ծրագիր ոչ ոք չի ունեցել։
Միայն նման ծրագրերով կարող ես հանրությանը մոբիլիզացնել, այսինքն՝ համոզել, որ ես գալու եմ, այս, այս եմ անելու։
Երկրորդ, երկրում ռեալ փոփոխությունների համար այն ուժը, որ ուզում է գալ, նա պետք է համոզիչ լինի իշխանության մեջ եղած շատ մարդկանց համար, որովհետև այնտեղ նույնպես դժգոհություններ կան, դժգոհություններ կան նաև խոշոր, մանր և միջին բիզնեսում, բյուրոկրատիայի շրջանում, որովհետև նրանք էլ են տեսնում, որ սա փակուղի է տանում, իսկ ավելի վատ տարբերակով ուղղակի երկրի գոյության խնդրի առջև ենք կանգնում։ Նրանք դա ավելի լավ են հասկանում, քան սովորական մարդիկ։ Տեսեք, Գերմանիայում 1942 թվականին մարդիկ արդեն ծրագրեր էին պատրաստում, որ պարտությունից հետո մենք պատրաստի ծրագրով գալիս ենք երկիրը վերաբեռնավորելու, նոր երկիր սարքելու։ Հայաստանում նման ուժեր ես չեմ տեսել։ Նրանք շատ պրիմիտիվ մարդիկ են եղել, շատ պարզունակ մտքերով, ու եթե իմ կամքը լիներ, ես այդ մարդկանց նույնիսկ մի հիմնարկ ղեկավարել չէի վստահի։
– Ստացվում է, որ իշխանությունը շահեկան դիրքերո՞ւմ է հայտնվել, եթե չկան այն ծրագրերը և այն մարդիկ, որոնց մասին Դուք նշում եք։
– Նայած, թե իշխանություն ասելով, ՀՀԿ ասելով մենք ինչ ենք հասկանում։ ՀՀԿ-ն տարբեր շերտերից բաղկացած մարդկանց կոնգլոմերատ է՝ տեղական ֆեոդալներ, գործարարներ, ֆունկցիոներներ, երիտհանրապետականներ։ Եվ այս կոնգլոմերատը ինչ-որ հավասարակշռության է եկել կոնկրետ մեկ անձի շնորհիվ, որը կարողացել է համաձայնության բերել նրանց և արբիտրի դեր կատարել։ Սերժ Սարգսյանը որպես այդպիսին, նախագահ չէ, նա արբիտր է գոյություն ունեցող այդ կոնսենսուսում: Եվ այդ կոնսենսուսում մասնակից են նաև մյուս կուսակցությունները, նաև ընդդիմադիրները, որոնք խորհրդարանում տեղ են զբաղեցնում։
Հիմա ռեալ այն մարդիկ, որոնք հայտ են ներկայացնում և ի զորու են իշխանության մաս կազմել, համաձայնության են եկել Սերժ Սարգսյանի միջոցով, որը կարողացել է այդ համաձայնությունը կայացնել։ Հիմա համաձայնության խնդիր է առաջացել, նոր խաղացող է հայտնվել՝ Ներդրողների ակումբը, դրսից ինչ-որ ֆինանսներ ունեցող, որոնք երկրի վատ վիճակի պատճառով ասում են՝ մենք ներդրումներ կանենք: Եվ այս վատ վիճակում Սերժ Սարգսյանը դրան համաձայնել էր։ Հիմա այդ նոր խաղացողների մուտքը համակարգն անկայունության է բերում։ Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է նոր համաձայնություն կայացնել, բայց այդտեղ խնդիրներ կան, որոնց լուծումն այնքան էլ լավ չի երևում։ Տեխնիկական առումով ոչ ոք չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ, և խորհրդարանում կբարձրացնեն իրենց ձեռքերը, բայց խնդիրն այն է, թե ինչ լուծումներ են դրանից հետո լինելու Հայաստանի համար, իսկ այդ խնդիրները բավականին լուրջ են։
– Նկատի ունեք, որ որքան էլ իշխանությունները փորձեն հերքել, որ իշխանական թևերի միջև պայքար չկա, իրականում կա՞ սարգսյանական և կարապետյանական թևերի բախում։
– Կա նաև որոշակի ինքնուրույնություն դրսևորող թև՝ Գագիկ Ծառուկյանը, որն ունի իր խմբակցությունը խորհրդարանում, որն իրենից կախված է, կա նաև Դաշնակցությունը։ Բացի այդ, նույն ՀՀԿ-ն տարբեր խմբավորումներից բաղկացած կառույց է։ Այնտեղ էլ ամեն ինչ այդքան հանգիստ չէ։ Եթե Սերժ Սարգսյանը կարողանում է այնտեղ տարբեր լծակների միջոցով այդ հավասարակշռությունը կայացնել, բայց դա ցանկացած պահի կարող է փլուզվել։ Վաղը կարող են տնտեսական լուրջ ցնցումներ լինեն, կարող է Ղարաբաղում ապրիլյան դեպքերի նման դեպքեր լինեն, և այդ թղթե տնակը կարող է մեկ օրվա մեջ փլուզվել։
– Հայաստանում ինչպե՞ս է հնարավոր հասնել փոփոխությունների։ Խոսվում է ազգային ազատագրական պայքարի, գաղութատիրության դեմ պայքարի մասին։ Այս գաղափարները որքանո՞վ կարող են հանրության մոբիլիզացիա ապահովել։
– Կարելի է դրան երկու ձևի մոտենալ. կամ դա մանկամտություն է, այսինքն՝ մենք մտավոր հետամնաց մարդկանց հետ գործ ունենք, կամ դա պատվեր է։ Որովհետև բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանի համար պետք է մի քանի խնդիրներ լուծել։ Նախ, իր անհաջողությունները պետք է բարդել Ռուսաստանի վրա, երկրորդ, քանի որ մենք տեսանք ՕՐՕ դաշինքը, որը նախկին զինվորական հրամանատարներ էին և ներկայացնում էին բանակի որոշակի շերտ, հիմա դուրս են մնացել այս համակարգից։ Իրենց հարցը լուծվեց բռնի եղանակով՝ Սամվել Բաբայանին ձերբակալելով։ Այսինքն՝ քաղաքական լուծում չի գտնվել, և իրենք դուրս են մնացել այս կոնսենսուսից։ Մենք պետք է հասկանանք, որ բանակի այդ հատվածն ունի իր աջակցությունը Ռուսաստանի ռազմական շրջանակներից։ Իրենք, իմ կարծիքով, վտանգ էին ներկայացնում Սերժ Սարգսյանի համար, որովհետև իր կողմից չվերահսկվող նոր երևույթ էր ձևավորվում։ «Սասնա ծռերը», որոնք նույնպես ներկայացնում են կռված տղաներ, իմ կարծիքով, նրանց միջոցով փորձում էին սրանց հեղինակազրկել իրենց հովանավորների՝ ռուսական ռազմական շրջանակների առջև։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































