ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները չորեքշաբթի նիստի ժամանակ կքննարկեն ատլանտյան և եվրոպական հրամանատարությունների ստեղծումը, որոնք պատասխանատու կլինեն Ատլանտիկայում ծովային ուղիների պաշտպանության և Եվրոպայում անձնակազմի տեղաշարժի համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում չորեքշաբթի և հինգշաբթի: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքը չորեքշաբթի կքննարկվի:
«Դա ներառում է հրամանատարություն Ատլանտիկայի համար՝ ծովային ուղիների պաշտպանության մեր հնարավորություններն ուժեղացնելու համար, որոնք այդքան կարևոր են անդրատլանտյան դաշինքի համար: Մենք պետք է հնարավորություն ունենանք զինվորներին Հյուսիսային Ամերիկայից Ատլանտիկայով Եվրոպա տեղափոխել: Դա կներառի նաև Եվրոպայի ներսում զորքերի տեղաշարժի համար պատասխանատու հրամանատարություն»,- ասել է Սթոլթենբերգը:
Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքի խնդիրը:







































