ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում՝ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ, մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի գրեթե բոլոր խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների շրջանում առաջացել են դժգոհություններ: Վերջիններս հարվածել են խցերի դռներին եւ կերակրադռնակներին, պատուհաններից եւ կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, անկարգություններին մասնակցած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողությունները անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:









































