Հայաստանում ընտրական և քաղաքական համակարգերի ոչնչացմանը զուգահեռ հրապարակ եկան գործիչներ, նույնիսկ կուսակցություններ, որոնք հասարակությանը ցույց էին տալիս հեղափոխության ճանապարհը: Հայաստանում հեղափոխության ընկալումը, որպես կանոն, պրիմիտիվ է եղել և չի կապվել արժեքների ու գաղափարների հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Աշոտ Մանուչարյանն ամիսը մեկ հեղափոխության օր և նույնիսկ ժամ էր նշում, բայց այդպես էլ «Ավրորայի համազարկի» ձայնը չլսեցինք: Արամ Կարապետյանի հեղափոխության բանաձևը Փարաքարը փակելն էր` մինչև որ մարդիկ հասկացան, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից փախչելու մտադրություն բնավ էլ չունի, որովհետև ոչ մի օկուպանտ ինքնակամ չի հեռանում:
Հայաստանի իրար հաջորդող հեղափոխականներին թվում էր, որ եթե պայմանական ժամին հավաքվի «կրիտիկական զանգված», հեղափոխությունն իրականություն կդառնա: Հեղափոխական ոչ մի սցենարի հիմքում չկար նոր, այլընտրանքային Հայաստանի գաղափարը: Երբ Ուկրաինայում կամ Վրաստանում հեղափոխությունները հաղթեցին նույնիսկ երևանյանի համեմատ ավելի փոքր հանրահավաքներով, մեր «հեղափոխականները» դարձյալ անտեսեցին քաղաքական այլընտրանքի բաղադրիչը և հույսները դրեցին մեծահարուստների քսակների կամ զենքի վրա: Երկուսն էլ հեղափոխություն գաղափարի դեգրադացիայի դրսևորում են: 2014թ-ին Գագիկ Ծառուկյանին «բուրժուադեմոկրատական հեղափոխության» առաջնորդ հռչակած Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում ծաղրում էր հասարակությանը, որովհետև ԲՀԿ նախագահը հանրահավաքները կազմակերպում էր նույն տրամաբանությամբ, ինչով իշխանությունները կազմակերպում են ընտրություններ: «Տաս հազարանոց» հանրահավաքներով ոչ թե հեղափոխություն տեղի կունենա, այլ` լավագույն դեպքում, «տաս հազարանոց» մտածողություն ունեցող մի էլիտայի փոփոխություն մյուսով:
Գագիկ Ծառուկյանի ժամանակավոր հարկադրական հեռացումը քաղաքականությունից ծնեց վակուում, որը լցրեցին «ծռերի» հեղափոխական կրակոցները, որոնց արձագանքը շուտով դարձավ իշխանության կոնսոլիդացիան և վերջնական հաշվեհարդարն ընտրական ինստիտուտների հանդեպ` հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում:
Հայաստանում վերջնականապես ոչնչացված է քաղաքականությունը: Այն հնարավոր է վերականգնել միայն հետևողական ջանքերի շնորհիվ, ընդ որում` «շարժումային», «ճակատային» բարդույթներից ձերբազատված: Հայաստանին իրապես պետք է հեղափոխություն, ուղղակի հստակ, անվրեպ պետք է ձևակերպել դրա օրակարգը, նպատակը: Հայկական հեղափոխության նպատակը քաղաքականության վերականգնումն է, որը, մի կողմից, մարգինալ կդարձնի քրեաօլիգարխիային`«տաս հազարը» դարձնելով նրա սեփական նվաստացուցիչ ինքնագնահատումը, մյուս կողմից` հասարակությանը վերջնականապես կազատի «մաուզերիստական հումանիզմի» մազոխիզմից:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը հենց «մաուզերիստական հումանիզմի» մազոխիզմի դրսևորում է: «Գործողության քայլերը նախապես չենք հրապարակի, որ վարչախումբը կանխարգելիչ քայլերի հնարավորություն չունենա։ Այդ առումով պակաս հրապարակայնություն կլինի»,- ասում է Ճակատի նախաձեռնողներից Պետրոս Մակեյանը` տալով հասարակությունից թաքուն հերթական հեղափոխության մեկնարկը, որը Հայաստանը «հերոսաբար» ազատագրում է «հանցավոր ռեժիմից»: Բայց` միայն սոցիալական ցանցերում, իսկ իրական Հայաստանում իշխանությունը նախապատրաստում է նոր խրախճանք` 2018-ի «ճաշացանկով»:









































