«Երբևէ մեր մանկապարտեզում նման խնդիր չի առաջացել, բայց ելնելով տեղի ունեցած դեպքից, մեզ մոտ փակվում են բոլոր մուտքային դռները՝ կողմնակի մարդկանց մուտքը կանխելու համար։ Ծնողների մուտքը մանկապարտեզ կազմակերպվում է դաստիարակին զանգելու միջոցով։ Բնականաբար, մենք ճանաչում ենք մեր բոլոր ծնողներին, գիտենք, թե ովքեր են վերցնում երեխաներին։ Եթե երեխային վերցնում է ոչ թե ծնողն, այլ մեկ ուրիշը, ապա ծնողի հետ ճշտվում է, նոր միայն թույլ ենք տալիս այդ անձին մուտք գործել մանկապարտեզ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Հերմինե Ավագյանը՝ անդրադառնալով Ավագանու վերջին նիստին Տարոն Մարգարյանի՝ մանկապարտեզների անվտանգությունը ուժեղացնելուն:
Տարոն Մարգարյանը նշել էր.«Ոստիկանությանը խնդրելու ենք, որ իրենք էլ իրենց հսկողությունն ուժեցացնեն և կտեսնենք, թե հետագայում այդ ուղղությամբ ինչ քայլեր ենք ձեռնարկելու»։
Հարցին, թե ինչպես են վերաբերում ոստիկանների կողմից մանկապարտեզների անվտանգությունն ապահովելու տարբերակին, Հերմինե Ավագյանը պատասխանեց, որ դա բնականաբար կհեշտացներ իրենց աշխատանքը, խրախուսելի է նաև անվտանգության տեսախցիկների տեղադրումը, ինչը այս պահի դրությամբ մանկապարտեզում չկա։










































